ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, այսօր կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստն ամփոփելիս, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը։
Ըստ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրության` Զասը նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է նիստի ընթացքում:
Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։
«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», – նշել է Զասը:
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։