ԼՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, այսօր կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար այլընտրանք կա, այդ պատճառով իրենք ապավինում են քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստանձնեն պատասխանատվություն ապագայի համար, գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ գաղափարների, այլ` հանուն: Խորհրդարանական երրորդ խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժն առաջարկում է փոխել Սահմանադրությունը` ընդլայնելով Հանրապետության նախագահի ու խորհրդարանի լիազորությունները:

Ժողովրդագրական վիճակի բարելավման համար ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը` ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի, բժիշկների, ուսուցիչների` մարզերում ներգրավվածությունն ավելացնելու համար վերջիններիս համար ապահովել էապես բարձր աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ:

ԼՀԿ-ի առաջարկներից է նաև զինծառայողների սոցիալական երաշխիքների մեծացումը, այդ թվում` բնակարանային խնդրի լուծումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի անցնելու դեպքում պետական համակարգում աշխատանքով ապահովելը: Կուսակցության առաջարկներից է նաև Սյունիքում ՌԴ-ի հետ համատեղ նոր զորամիավորման ստեղծումը:

Կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով:




Լրահոս