Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: ArmLur.am-ը զրուցել է հայ հայտնի մայրիկների հետ` պարզելու` ինչպես են կազմակերպել երեխաների օրն այս տարի` հաշվի առնելով, որ մեծ միջոցառումներ չկան։ Ինչպես նաեւ անդրադարձել ենք իրենց մանկության հետաքրքիր դրվագներին, որոնք մշտապես հիշում եւ զվարճանում են:
ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհի Արփին նշեց, որ հատուկ հունիսի 1-ի հետ կապված պլաններ չունեն, քանի որ այդ օրը ընտանիքում տարեդարձներ ունեն, իսկ իր մանկությունն անցել է Հին Խնձորեսկում անհոգ ու երջանիկ:
«Հունիսի 1-ին մեր տանը ծնունդներ կան, եւ մենք օրը անցկացրել ենք օրվա շրջանակներում, կազմակերպել ենք փոքրիկ արարողություն, իսկ մեկ այլ ուրիշ օր նրանց համար գեղեցիկ խաղային օր կնվիրենք»,- նշեց նա:
Արփիի խոսքով՝ իր մանկությունն անցել է պատմական Հին Խնձորեսկում. «Հիշում եմ, թե ինչպես էին խաղում, ինչպես էինք իջնում Հին Խնձորեսկ, այնտեղից խոտեր, փայտեր էինք հավաքում, որ թեյ պատրաստեինք, հետո անպայման մտնում էինք հին եկեղեցի, մոմ վառում, հին ջրամբարում լողանում եւ այդպես շարունակ: Իմ մանկությունն անցել է շատ հետաքրքիր, ամենակարեւորը՝ անկեղծ, եւ մինչեւ հիմա կարոտով եմ հիշում այդ օրերը եւ շատ կուզենայի, որ իմ երեխաներն էլ իմ մանկության գոնե 30 տոկոսը ապրեին»:
Իսկ, ահա, երեք դուստրերի մայր, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ասաց, որ օրն անցկացնելու են շատ հագեցած գրաֆիկով, իսկ իր մանկությունից հիշում է, որ ամեն տարի հունիսի 1-ն անցկացնում էին Հաղթանակի զբոսայգում:
«Ինչ ավագ դուստրս՝ Մեգգին, դարձավ հինգ տարեկան, մեր հունիսի մեկերը, այդ պահից սկսած, դարձան խիստ ժամանցային եւ գործնական: Մենք առավոտից մինչ երեկո գնում էինք տարբեր միջոցառումների, եւ սա առաջին տարին է, որ Մեգգին հանդես է գալիս ոչ թե երգող, այլ ինձ օգնական, քանի որ մենք ունեինք տարբեր միջոցառումներ Երեւանի տարբեր հատվածներում: Առհասարակ մեզ մոտ ցանկացած տոն նշվում է նրանց համար մեծ անակնկալներով»,- ընդգծեց նա:
Իրինա Թովմասյանը մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ իր մանկության լավագույն հիշողություններով եւ տպավորություններով, հատկապես հայրիկի հետ զբոսանքները «Հաղթանակի զբոսայգում»:
«Ի տարբերություն Լուսինեի՝ ես շատ հանգիստ եւ զուսպ երեխա եմ եղել, իսկ Լուսինեն շատ ակտիվ եւ չարաճճի էր»,-հավելեց նա՝ մաղթելով աշխարհի բոլոր երեխաներին անհոգ մանկություն եւ խաղաղ երկինք:
Նշենք, որ օրը սահմանվել է 1925-ին Ժնեւում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու հատկապես ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են եւ պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո եւ պաշտպանության:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄՄՈՆՈ» ՓԱՌԱՏՈՆԸ
Ռուս գրող Վսեւոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացմամբ մայիսի 30-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում մեկնարկել է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։
Բեմադրիչը Արմեն Սաֆարյանն է, դերակատարը՝ Լաուրա Ստեփանյանը:
Ներկայացման հերոսուհին հոգեբուժարանում վերստուգում անցկացնելու անսպասելի հրաման է ստանում: Նրան հիվանդի տեղ ընդունելով՝ տանում են հոգեբուժարան, որտեղ հերոսուհին առնչվում է այնպիսի չարիքների, որոնք խախտում են կյանքի բնականոն ընթացքը։
Լաուրա Ստեփանյանը խոստովանում է, որ կերպարը հեշտությամբ չի յուրացրել: Դերասանուհին երբեւէ չի ծխել եւ ստիպված է եղել առաջին անգամ դա անել հենց ներկայացման շրջանակում: Կարծում է՝ նյութը լուրջ է, եւ անհնար է անտարբեր անցնել դրա կողքով:
«Փորձեցինք ընդհանուր եզրեր գտնել հերոսի եւ մեր հասարակության միջեւ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ներկայացման մեջ, համամարդկային են, խնդիրներ, որոնք կարող են կործանել երկրագնդի բոլոր մարդկանց: Մենք չէինք նկատում, որ մեր ընկերների շրջանում էլ կան նման մարդիկ, եւ հասկացանք, որ դա նաեւ մեր ողբերգությունն է, մեր դժբախտությունը, որի կողքով հաճախ ենք անտարբեր անցնում»,- նշել է դերասանուհին:
Ստեփանյանը հույս ունի, որ ասելիքը տեղ է հասել: «Գուցե ինչ-որ տեղ թերացանք, չկարողացանք հարցերի պատասխաններ գտնել, բայց մարդիկ մեկ անգամ եւս կփորձեն մտածել խնդրի մասին, հասկանալ, որ կյանքը շատ գունեղ է եւ բազմաթիվ հետաքրքիր կողմեր ունի»,- շեշտել է դերասանուհին:
Արմեն Սաֆարյանը ստեղծագործությունն այժմեական է համարում: Նրա խոսքով՝ «Կարմիր ծաղիկը» արծարծում է խնդիրներ, անդրադառնում չարիքի, որը մեր օրերում տարածվում է:
«Այս ներկայացումը դերասանի համար փորձություն է: Թեման բարդ է, հարցերը՝ շատ: Դերասանական մեծ վարպետություն էր պետք սիմվոլիկ ու ալեգորիկ առումով հանդիսատեսին նյութը հասցնելու համար»,- ընդգծել է Սաֆարյանը:
Նա ասաց, որ երբեք իր աշխատանքներից գոհ չէ. միշտ մտածում է, որ ինչ-որ բան բաց մնաց: «Եթե հանդիսատեսը դահլիճից դուրս գա, եւ մի քանիսն իրենց հարցեր ուղղեն, ուրեմն ներկայացումը կայացել է»,- եզրափակել է ռեժիսորը:
«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է մինչեւ հունիսի 15-ը Երեւանում, Գյումրիում եւ Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:
2021-ին եւս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից եւ Իսրայելից:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է «ԲԱՐՍԵԼՈՆԱ»
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Իսպանիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է վերադարձել «Բարսելոնա», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ակումբը նրա հրաժարագինը սահմանել է 400 միլիոն եվրո: Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» սան է: Նա 2017-ին է միացել «Մանչեսթեր Սիթիին», որի կազմում անցկացրել է 35 հանդիպում: Transfermarkt-ն իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել էր նաեւ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի տեղափոխության մասին:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի պայմանագրի ժամկետն ավտոմատ կերպով երկարաձգվել է անգլիական ակումբի հետ: Bild-ի համաձայն՝ գերմանացի մասնագետի պայմանագրում կար կետ, որի համաձայն՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում այն ավտոմատ կերպով կերկարաձգվի մինչեւ 2024 թվականի ամառ: Տուխելի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2022թ. ամռանը: Հիշեցնենք, որ պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Չելսին» նվազագույն հաշվով հաղթել էր Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Երրորդ մրցաշրջանում անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթեց գերմանացի մարզչի գլխավորած թիմը: Նախորդ մրցաշրջանում հաղթողի կոչումը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ նվաճել էր Մյունխենի «Բավարիան», իսկ 2018/2019թթ. մրցաշրջանում՝ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը»: Թոմաս Տուխելն այս տարվա հունվարին էր գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Գերմանացին առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը: Նախորդ մրցաշրջանում նա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտություն էր կրել Մյունխենի «Բավարիայից»: «Չելսին» Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը նվաճել էր նաեւ 2011/2012թթ. մրցաշրջանում՝ եզրափակիչում հաղթելով Մյունխենի «Բավարիային»: Այդ տարի եւս լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթել էր մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխությունից հետո: