ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ից ադրբեջանական կողմը ներխուժել է ՀՀ տարածք եւ չի էլ պատրաստվում հեռանալ, սակայն իշխանություններին դա կարծես թե այնքան էլ չի հուզում։ Արդեն երկու օր է՝ մեկնարկել են նորընտիր ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստերը, սակայն իշխանության ներկայացուցիչները, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կամ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանն ամեն կերպ խուսափում են ընդդիմության կողմից հնչող ուղիղ հարցերից, որոնք վերաբերում են հենց հայ- ադրբեջանական սահմանային իրավիճակին եւ դրա բաղկացուցիչներին։ Դրա փոխարեն նրանք զբաղված են ընդդիմադիր պատգամավորներին տարբեր որակումներ տալով եւ հիշեցնելով, թե առաջին անգամ են խորհրդարանում, այնինչ նախկինում հենց նրանք էին դժգոհում, թե իրենց նորեկ եւ անփորձ են անվանում։ Խորհրդարանում տիրող իրավիճակին զուգահեռ կազմավորվում է նաեւ կառավարությունը. երեկվա դրությամբ թափուր էին երկու նախարարություն՝ Արտաքին գործերի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պաշտոններին կնշանակվեն Արարատ Միրզոյանն ու Հայկ Չոբանյանը։

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։ Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու եւ իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ ն որոշել է պասիվ մնալ եւ անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որեւէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, եւ ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպուններ չեն ունենում։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը եւս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, եւ դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից: Հայտնի է նաեւ, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որեւէ կերպ չի կարողանում հաղթահարել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը քննելուց հրաժարված դատավոր Վաչե Մարգարյանի գրությունը, թե նա ինչու է հրաժարվել քննել այդ քրեական գործը։ Մարգարյանը իր որոշման մեջ գրել է. «Հարկ եմ համարում նշել, որ նախագահող դատավորս 1999-2001 թվականներին զորակոչվել եմ բանակ՝պարտադիր ժամկետային զիծառայության եւ նշանակվել եմ ՊԲ զորամասում որպես շարքային զինվոր, այնուհետեւ ստացել եմ ավագի կոչում։ Զորակոչվելով բանակ թիվ ՊԲ N զորամասի հրամանատարն է հանդիսացել Մովսես Հրանտի Հակոբյանը, ում հրամամատարության ներքո էլ սկսվել է իմ զինծառայությունը։ Հարկ եմ համարում նշել , որ Մովսես Հրանտի Հակոբյանին՝ որպես զորամասի հրամանատարի վերաբերվել եմ շատ դրական, կատարել եմ նրա կողմից տրված բոլոր հրամանները եւ հանձնարարականները՝ նրան ընդունելով որպես պրոֆեսիոնալ զինվորական, եւ ցուցաբերելով օրինակելի վարքագիծ՝ արժանացել եմ նրա կողմից տրված խրախուսանքների, ուստի գտնում եմ՝ տվյալ պարագայում կանխակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Մովսես Հակոբյանի նկատմամբ եւ որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ եւ գործով իրականացնել անկողմնակալ որոշում»: Եվ արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:

 

 

 

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. տեւական ժամանակ է, ինչ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձ չի կատարում: «Ժողովուրդ»  օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից: Նրանց պատմելով՝ մարդիկ կան, որոնք 20 օր է՝ դիմում են գրել՝ եկամտահարկի փոխանցման պահանջով, բայց ավելի քան 2 ամիս է, ինչ եկամտահարկը չի փոխանցվում: Իսկ երբ քաղաքացիները զանգահարում են ՊԵԿ եւ փորձում պարզաբանում ստանալ, չի հաջողվում, հեռախոսազանգերն անպատասխան են մնում: Մինչդեռ նախկինում այս գործընթացը՝ փաստաթղթերից մինչեւ եկամտահարկի փոխանցում, տեւել է մոտ 5 օր: «Ժողովուրդ»  օրաթրեթն իր հերթին փորձեց պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից. միայն ոչ լիարժեք պատասխան հաջողվեց ստանալ ՊԵԿ-ի «Թեժ գիծ»  ծառայությունից, որտեղից կարճ փոխանցեցին, որ 19-րդ օրը կփոխանցվի: Թե ինչու է ՊԵԿ-ն այս հարցում թերացել, անհասկանալի է: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պետական այս կառույցը անգամ չի բարեհաճել  քաղաքացիներին տեղեկացնել, որ եկամտահարկի փոխանցումն այս անգամ փոքր-ինչ ուշ է փոխանցվելու: Ինչպես երեւում է, ՊԵԿ-ը պաշտոնապես ղեկավար չունի, աշխատանքները անկազմակերպ են դարձել. հետաքրքիր է՝ Ռուստամ Բադասյանը ինչու էր հետ կանչվում արձակուրդից:




Լրահոս