ՈՐՈՇՈՒՄ՝ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՄԱՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի  տարիքը լրանալու հիմքով: Ասել է թե՝ երկու օր է, ինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր  է:

«Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին:

Ինչպես նախկինում գրել էինք, հնարավոր է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է եւ համարվում է պրոֆեսիոնալ համակարգում: Ինչեւէ, մեզ հասած լուրերի համաձայն՝ արդեն որոշումը վերջնական կայացած է, եւ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ջանքերի շնորհիվ ԱԱԾ  տնօրենի  տեղակալ  է նշանակվելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Աղաջանյանը Արցախի ԱԱԾ տնօրենն էր, որն ազատվեց 44-օրյա պատերազմից հետո:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արա Աղայանին օգոստոսի 9-ից ազատել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Անցած տարի՝ ապրիլին, մեծ աղմուկով հեռացրել էր Արմեն Բեգոյանին ու նշանակել Արա Աղայանին: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը  «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանին: Իհարկե, թվում է, թե սովորական նշանակում է, չկա որեւէ լուրջ բան: Բայց իրականում, արի ու տես, Մարությանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ է ու իրավունք չունի Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ: Նա պետք է ավագանու մանդատից հիաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, Մարությանը փորձում էր ամեն գնով Քրիստինե Վարդանյանին որեւէ բարձր պաշտոնում նշանակել, բայց քանի որ բարձրաձայնվել էր հարցը, որ ավագանու անդամը պետք է անկախ մնա, թեման փակվել էր, ու հիմա Մարությանը գնացել է նման քայլի: Բանն այն է, որ Վարդանյանը Մարությանի կնոջ մտերիմ ընկերուհին է, դրա համար էլ ամեն գնով պաշտոնի նշանակման խնդիր է դրված եղել  քաղաքապետի առջեւ: Այսպիսով, քաղաքապետի տիկին Իվա Մարությանի ընկերուհին դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, այնուհետեւ տնօրեն կնշանակվի: Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը իրավունք չուներ նաեւ նշյալ կազմակերպությունում տեղակալ նշանակվել, բայց Մարությանի շնորհիվ հասել է իր նպատակին: Իհարկե, փորձեցինք լուրի առնչությամբ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա մեր հարցերին չի պատասխանում, հետեւաբար չկարողացանք ճշտել՝ Մարությանը  ինչու է ապօրինի նշանակում արել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը: Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա եւ ազատ ռեժիմ ունենա: Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի եւ արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի: Ու այսպես, երբ Ծառուկյանները հասկանում են, որ այդպես հնարավոր է ՀՀՊՆ որեւէ այլ զորամասում հայտնվի Նվեր ծառուկյանը, գործի են դնում պահած տարբերակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վիճակահանության մասակցելուց հրաժարվում է Ծառուկյանը եւ ՊՆ անձնակազմին ցույց է տալիս բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող ծառայել, պիտանի չէ ծառայության: Անմիջապես Նվեր Ծառուկյանին տանում են հիվանդանոց՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բկ՝ զննության: Այստեղ ոչ անհայտ մեթոդներով կամ առանց դրա հաջողվում է Ծառուկյաններին այնպիսի բժշկական ախտանիշով փաստաթուղթ ձեռք բերել, որ Նվեր Ծառուկյանին միանգամից ազատում են հայոց բանակում ծառայելուց 3 տարի ժամկետով: Թե ինչ է գրված փաստաթղթում, չենք մանրամասնոմ՝ հարգելով մարդու անձնական, առողջական տվյալների գաղտնիությունը: Ամեն դեպքում, «Ժողովուրդ»  օրաթերթը տեւական ժամանակ փորձում է այս հարցի մասով խոսել ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա ո՛չ խոսնակ ունի, ո՛չ էլ ԲՀԿ-ում մարդ կա, որը շփվում է լրագրողների հետ: Շաբաթներ շարունակ մեր փորձերը ապարդյուն անցան:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը վերջապես սկսել է զբաղվել հոգեբուժական կազմակերպություններում տարիներով արմատացած խնդիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մշտապես բարձրաձայնում է, որ հոգեբուժարաններում առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման եւ վերանորոգման անհրաժեշտություն, կան ոչ պատշաճ քանակի եւ միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ: Ընդ որում, այս խնդիրների մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնվում է, սակայն ԱՆ-Ն միայն նոր է սկսել խնդրին արձագանքել. որոշման նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբուժական  կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է ապահովի սանիտարահիգիենիկ նորմերին եւ կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված, սանհանգույցով եւ լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական եւ արհեստական լուսավորությամբ կեցության պայմաններով: Բացի այս, հիվանդասենյակները պետք է լինեն առանձնացված տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար: Ընդ որում, երեխաները պետք է բժշկական օգնությունը եւ սպասարկումը ստանան առանձնացված բաժանմունքում: Ի դեպ, ըստ որոշման նախագծի՝ հոգեբուժական  առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի խմելու, հոսող տաք եւ սառը  ջուր: Անգամ պետք է շաբաթական առնվազն մեկ անգամ տրամադրվեն մաքուր հագուստ եւ անկողնային պարագաներ, իսկ տրվող սնունդը պետք է ունենա բավարար սննդարարություն, համ, հոտ, տեսք: Արդյոք այս որոշման նախագիծը իրականություն կդառնա, թե այն կմնա սեւով սպիտակի վրա գրված, ցույց կտա ժամանակը։

 

 




Լրահոս