Ինչպես շատ հայտնի մայրիկներ, այնպես էլ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը երեխայի լույս աշխարհ գալուն ընդառաջ մեկնել է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ArmLur.am-ը դերասան, ռեժիսոր-բեմադրիչ Աշոտ Տեր-Մաթեւոսյանից հետաքրքրվել է կնոջ՝ Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառների, սիրելիից որոշ ժամանակով բաժանման եւ իր զգացողությունների մասին:
«Դե՛, քանի որ այս պահին իրարից հեռու ենք գտնվում, ավելի շատ խոսում ենք հեռախոսով՝ փորձելով հաղթահարել այս բարդ շրջանը, որն, անկեղծ ասած, նաեւ բավականին հետաքրքիր փորձություն է մեզ համար, որ հասկանանք՝ կարոտում ենք, չենք կարոտում, կարող ենք, թե չենք կարող իրարից հեռու լինել, եւ հասկացանք, որ միմյանց շատ ենք կարոտում եւ միմյանց կարիքը շատ ենք զգում, եւ չի կարող երկարատեւ բաժանում լինել»,-ասաց մեր զրուցակիցը:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում բացառեց կնոջ մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելը՝ նշելով որ բոլորի կողմից այդքան սիրված երկիրն իրեն այնքան էլ չի գրավում, չնայած որ չի բացառում՝ եթե իրեն հետաքրքրող աշխատանքի հրավեր լինի, հնարավոր է, բայց մշտական բնակության մասին խոսք լինել չի կարող. «Աստված տա, երբեք կարիք չունենամ իմ երկրից դուրս գալ եւ այլ երկրում աշխատել: Սոֆյան նույնպես, գտնվելով այնտեղ, հասկացավ, որ նա նույնպես չի կարողանում եւ չի սիրում Ամերիկան»:
Մեր այն հարցին, թե արդյոք հայտնի է երեխայի սեռը, դերասանը նշեց, որ երեխայի սեռը հայտնի է, բայց ինքն այդ մասին հայտնել չի կարող. «Սոֆյան ինքը կորոշի՝ երեխայի սեռը հայտնել հանրությանը, թե ոչ: Թող անակնկալ լինի: Անկեղծ ասած, ինձ համար էական նշանակություն չունի, թե երեխան ինչ սեռ ունի, կարեւորը՝ առողջ բալիկ լինի»:
Եվ օգտվելով առիթից՝ մեզ հետ զրույցում Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւս մեկ անգամ սիրելիին սեր խոստովանեց. «Շատ եմ սիրում քեզ, Սո՛ֆ, եւ շնորհակալ եմ՝ ինձ հրաշք պարգեւելու համար»:
Նշենք, որ երեկ ԱՄՆ-ում ծնվել է դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի եւ դերասանուհի Սոֆյա Պողոսյանի երեխան։ Նրանք վերջին պահը գաղտնի էին պահում սեռը, սակայն հայտնի է դարձել, որ զույգը որդի է ունեցել։
Այս մասին հայտնել է Սոֆյայի քույրը` Մայան։
«Մորաքո՜ւյր եմ։ Բարի Գալուստ, ի՛մ պուճուրիկ, սիրո՛ւն ճուտիկ»,- գրել է նա` նշելով քրոջն ու փեսային։
Նշենք, որ Սոֆյան երեխայի ծննդին ընդառաջ մեկնեց ԱՄՆ, Աշոտը Հայաստանում է։ Սոֆյան առաջին անգամ է մայր դառնում, Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
19 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ
«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն կատալոնական ակումբում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով: Իսպանական մամուլի համաձայն՝ արգենտինացի հարձակվողը չի ցանկացել վերցնել 10 համարի մարզաշապիկը, որով տեւական ժամանակ «Բարսելոնայում» խաղում էր ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսին: «Բարսելոնան» որոշել է այս մրցաշրջանում թափուր թողնել 10 համարը: Հիշեցնենք, որ 33-ամյա Ագուերոն այս ամռանն է 2 տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, որին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Դրանից առաջ նա 10 տարի անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի պատմության լավագույն ռմբարկուն է: Ագուերոն վերջերս մարզման ժամանակ ստացել էր վնասվածք, որի պատճառով խաղադաշտից կբացակայի մոտ 2.5 ամիս:
ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԲԱՑ ՄԱՐԶՈՒՄ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր Լոնդոնի «Չելսին» «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում անցկացրել է բաց մարզում, որի ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Երկրպագուները հնարավորություն են ստացել կանխատեսում կատարել «Արսենալի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ, սակայն ֆանատներից մեկը վերցրել է խոսափողը եւ կոչ արել գերմանացի հարձակվող Տիմո Վերներին հեռացնել թիմից: Մյուս երկրպագուները դժգոհությամբ են ընդունել այդ հայտարարությունը: Տիմո Վերները ներկա է եղել մարզմանը եւ լսելով դա՝ ժպտացել է «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ միասին: Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի հարձակվողը 2020-ի ամռանն է միացել «Չելսիին», որի կազմում անցկացրել է 52 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:
ԲԱՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման մասին: «Կենտրոնացած ենք այս խաղի վրա: Դեռ չենք մտածում պատասխան խաղի դժվարությունների մասին: Պետք է փորձենք լավ արդյունքի հասնել պատասխան հանդիպումից առաջ: Չենք ցանկանում առաջ ընկել: Սպասվում է բարդ հանդիպում: Մեր թիմը եւս ուժեղ է եւ կփորձի դրական արդյունքի հասնել 2 խաղերում»,- ասել է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» եւ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ՝ ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Amazon-Ը ՆՈՐ ԴՐԱՄԱՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը (ՀՊՀՌԸ) հայտարարել Է այն մասին, որ համաձայնագիր Է ստորագրել Amazon Prime Video հարթակով իր մի քանի սերիալների ցուցադրման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է «Ռոսիա-1» հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
Ամերիկյան սթրիմինգային ծառայությունը ձեռք Է բերել «Արնախում տիրուհին» եւ «Ահեղը» պատմական դրամաները, ինչպես նաեւ «Լավատեսները: Կարիբյան սեզոն» լրտեսական դետեկտիվը:
«Հեռուստասերիալները, որոնք ստեղծվել են «Ռոսիա» հեռուստաալիքի պատվերով, կդիտեն ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում հարթակի ավելի քան 175 միլիոն օգտատերեր»,- ասվում Է մամուլի տեղեկագրում:
«Մամուլի ծառայությունում նշում են, որ սա առաջին գործարքը չԷ, որը կնքվել Է ամերիկյան հայտնի տեսահարթակի հետ: Ավելի վաղ Amazon Prime Video-ի գրադարանը համալրել են ավելի քան 50 նախագծեր, որոնք արտադրվել են ՀՊՀՌԸ-ի կողմից: «2021 թվականի մարտին հարթակի կատալոգում հայտնվել են «Ռոսիա» հեռուստաալիքի «Եկատերինա: Ինքնակոչ մարդիկ», «Պետրոս Առաջին: Կտակ» եւ «Դրուժինա» բազմասերիանոց ֆիլմերը, ինչպես նաեւ Ֆ.Մ. Դոստոեւսկու «Չարքերը» վեպի ընդգրկուն Էկրանավորումը»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ: «Արնախում տիրուհին» սերիալը պատմում Է ամենադաժան կալվածատիրուհիներից մեկի՝ Դարյա Սալտիկովայի մասին:
«Ահեղը» նվիրված Է առաջին ռուսական ցարին՝ Իվան Ահեղ Չորրորդին, որին մարմնավորել Է Սերգեյ Մակովեցկին: «Լավատեսներում» գործողությունը տեղի Է ունենում 1960-ական թվականներին: Այս բազմասերինոց դետեկտիվում հատուկ գործակալները փորձում են կանխել սկանդալները եւ պատերազմները ԽՍՀՄ-ի եւ այլ երկրների միջեւ. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: