ԴԱՍԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՕՐՈՒՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաեւ որոշ փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

 

«Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետեւողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաեւ այնպիսի դեպքեր, երբ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի՝ արդյոք դպրոցը կարող է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,-ասել է նա: Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։ Դպրոցներում կպահպանվի դիմակներ կրելու ավանդույթը, ինչպես նաեւ կշարունակվի ախտահանման գործընթացը: Ներկայում միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում, ու քայլեր են ձեռնարկվում, որպեսզի դպրոցներն ապահովվեն անհատական պաշտպանիչ ու ախտահանող միջոցներով:

ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կհրապարակի կարգավորումները ուսուցիչների կամ անձնակազմից այլ անձանց վերաբերյալ, ում հակացուցված է պատվաստվելը:

Ժ. Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է հատուկ կարգավորումներ, որոնց հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստման համար հակացուցում ունեցող անձանց կամ հղիների դեպքում ինչպես է իրականացվելու ամեն ինչ: Բոլորս գիտենք, որ կան մարդիկ, որոնց համար չի գործելու թեստավորման պահանջը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի պահեստազորի վարժական եռամսյա զորահավաքին չմասնակցեն այն տղամարդ ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետներն են դպրոցում: «Այս պահին ՊՆ-ի հետ մենք քննարկումների փուլում ենք, գրավոր դիմել ենք իրենց, որպեսզի այն դեպքերում, երբ տվյալ ուսուցիչը միակ մասնագետն է առարկայի, ապա քննարկեն զորահավաքի շրջանակներում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով չափորոշիչների փորձարկման գործընթացը, քանի որ մենք վերապատրաստել ենք այնտեղի ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլեւ չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,-ասել է Անդրեասյանը եւ հավելել, որ այժմ քննարկումներ են ընթանում, ու հույս հայտնեց, որ վերջնական համաձայնություն կունենան: Նրա խոսքով՝ եթե անգամ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։ Փոխնախարարն ընդգծեց, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։ Երեւանում օգոստոսի 25-ից մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը:

Ն. Պ.

 

 

ՏԵԽԶՆՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՌՑԱՆՑ ՍՏՈՒԳՈՒՄ

Ազգային ժողովը հունվարի 20-ին ընդունել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետեւյալ պարբերականությամբ.

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում,

2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ,

3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)`  երկու տարին մեկ անգամ,

4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ  (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ,

5) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը,

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:




Լրահոս