ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց  ադրբեջանական կողմը  երեկվանից Սյունիքում երկու կարեւոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան: Եվ մինչ խորհրդարանում ՔՊ-ական տղամարդիկ փորձում են իրենց ուժը ցույց տալ, Նիկոլ Փաշինյանն էլի նախկիններին եւ բոլորին մեղադրում է բոլոր հարցերում, թշնամին ավելի է հաստատվում Հայաստանում եւ փորձում իրականացնել Զանգեզուրյան միջանցքի ծրագիրը: Իսկ ինչի՞ց է սկսվել միջադեպը. Բաքվի զինվորականները երեկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: Եվ այստեղ հետաքրքիր է, որ տեղի ունեցած այդ միջադեպի մասով հակասական տեղեկություններ են առկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտնեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ միջադեպ է եղել ռուս եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ հայերի մասնակցությամբ որեւէ միջադեպի մասով դեռ պաշտոնապես տեղեկություն առկա չէ: Ամեն դեպքում, ռուս վերլուծաբանը եւս նկատեց, որ մինչ Հայաստանի ներքին կյանքում անհանգիստ վիճակ է, Ադրբեջանը շարունակում է իրականացրել իր ծրագրերը: «Այս իրավիճակը կարող է շարունակվել տարիներով: Անգամ եթե Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները հենց վաղն էլ մեկնարկեն, դրանց ավարտի համար կարող են տարիներ պահանջվել: Այդ ամբողջ տարիների ժամանակ Ադրբեջանը կհարձակվի, քանի դեռ Հայաստանը չի պահպանում իր սահմանները։ Եթե պաշտպաներ, ապա այնտեղ որեւէ արդբեջանական զորք չէր լինի»,- նկատեց նա: Խոսելով այն հանգամանքի մասին, որ հայ-իրանական սահմանն է վտանգի տակ, Կոլերովը նկատեց, որ վերջիններս ողջունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, եւ այդ մասով Իրանի վրա հույս դնել պետք չէ՝ միեւնույն ժամանակ կրկին ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել եռակողմ բանակցություններ եւ հիմա էլ դրանով է զբաղված:

Մեզ մնում է արձանագրել, որ մեր հայրենիքը օրեցօր փոքրանում է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանահակատվածում այնքան էլ հարթ չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Անդրեասյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել նախարարի աթոռը: Բայց, արի ու տես, նոր կառավարության ձեւավորումից հետո էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին այդ պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին: Անդրեասանը սկզբում նախարարությունում ասել է, թե հրաժարական կտա, եթե նախարար չնշանակվի: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ Անդրեասյանը չի հանդուրժում ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ նախարարն ինքն է, բոլոր գործերով ինքն է զբաղված, իսկ Դումանյանը դեկորատիվ կերպար է: Ի դեպ, նշենք, որ, ըստ կառավարության մեր աղբյուրների, տեւական ժամանակ գործադիրի աշխատակազմի նախկին ղեկավարներ Արսեն Թորոսյանն ու Էդուարդ Աղաջանյանը աշխատում էին, որ Դումանյանը այդ պաշտոնը կրկին չզբաղեցներ, բայց ապարդյուն: Անդրեասյանն էլ, տեսնելով, որ այդ պայքարում միայնակ է մնացել, հույսը դրել է իր վրա ու հիմա էլ «տակից» է աշխատում Դումանյանի դեմ: Տեսնենք՝ անդրկուլիսյան պայքարն ինչով կավարտվի:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի միջադեպի մասով ՀՔԾ-ն այս օրերին ակտիվ ուսումնասիրություն է սկսել ինչպես գլխավոր դատախազի ուղարկած տեսագրություններով, այնպես էլ մամուլում հրապարակված տեսահոլովակների հիման վրա: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն անգամ գրություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի նրանք տրամադրեն իրենց կողմից նկարահանած միջադեպը: ՀՔԾ քննչական խումբը, որ զբաղվում է նյութերի նախապատրաստմամբ, այս փուլում այն կարծիքին է, որ միջադեպով հարուցվելու է քրեական գործ, իսկ թե ովքեր կանցնեն գործով, ինչ կարգավիճակով, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, որ ծեծին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց ՔՊ-ական պատգամավորները, որոնք սկսել են բռնություն կիրառել: Եվ այստեղ հետաքրքիր է՝ տեսնենք՝ ՀՔԾ-ն իսկապես անաչառ կգործի եւ  պատասխանատավության կկանչի խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին, թե ուժը կպատի միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա:

 

 

Կառավարությունը փոփոխություններ է կատարելու «Պետական սահմանի մասին» օրենքում: Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի եւ համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին: Եվ քանի օր հստակեցված չէ հակաօդային միջոցների օգտագործումը, որոշում է կայացվել այսպիսի փոփոխություն կատարել: Իհարկե, դժվար է ասել սրանով նեղացնում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, թե պայմանավորված են գործում:




Լրահոս