Պետք է ուժեղ ու ձգտող, երկերեսանի ու քծնող լինես, համեստությունը ոչ մեկի պետք չէ․ Արփինե Բեկջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է 1990-ականներից հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը, ով հունիսի 3֊ին հեռավոր Լոս Անջելելեսում նշել է ծննդյան 46֊րդ տարեդարձը: Երգչուհին ArmLur.am֊ի հետ զրույցում կիսվել է ծննդյան օրվա տպավորություններով եւ թե ինչ գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում:

«Տարեդարձն անցավ նեղ ընտանեկան միջավայրում, որը վաղուց չէր ստացվում։ Նշեցի համեստ և հանգիստ, քանի որ ևս մեկ տարի մեծացա և դա հատակից առաստաղ թռչկոտելու առիթ չէ։ Հետաքրքիր անակնկալը իմ տեղը տեղին հիվանդ լինելն էր»,֊նշեց նա։

Երգչուհու միակ երազանքն է, որ մարդիկ տարիքի հետ անպիտան չդառնան միջավայրի համար։ Իսկ ցանկությունը՝ երեխաներին իրենց նպատակներին հասցնելն է, քանի որ դա գնալով դառնում է անհնարին. ( Երիտասարդացել են հիվանդություններն ու մահը)։

-Արփինե՛, կոմպլեքսավորվում ե՞ք Ձեր տարիքից։

-Եթե գտնեք իմ անցած հարցազրույցներում այդ հարցը, ապա կտեսնեք, որ դեռ շատ երիտասարդ տարիքում ես տվել եմ նույն պատասխանը։ Միակ բանը, ինչից ես վախեցել եմ որպես կին ՝ ժամանակն է։ Գնալով կորցնում ես ցանկալի և գրավիչ լինելու, ուշադրության կենտրոնում լինելու հնարավորությունը։ Իսկ դա կնոջը գցում է դեպրեսիայի և անպիտանելիության կոմպլեքսի մեջ։

-Իսկ ի՞նչ կարեւոր դաս եք քաղել կյանքի տարբեր շրջապտույտները հաղթահարելիս։

-Հասկացել եմ, որ առանց ծնողի, որքան էլ լավն է քո ստեղծած ընտանիքը, դու անտեր ես։ Որ պիտի միշտ հարմար լինես մարդկանց, այլ կերպ դու իրենց պետք չես ու վատն ես։ Որ օտարը շատ դեպքերում քո մոտիկից ու ընկերոջից լավը կարող է լինել։ Որ պետք է ճկուն ու նպատակային լինես, ուժեղ ու ձգտող, երկերեսանի ու քծնվող, որ մարդկանց պետք լինես կամ շրջապատ ունենաս կամ քեզ նկատեն ու ուշադրություն դարձնեն։ Համեստությունը ոչ մեկին պետք չէ, համեստությունը տապալում է քեզ, դուրս շպրտում միջավայրից։ Պետք է միշտ կոտրած շերեփ լինես կոպիտ ասած ու անհամեստ, որ նկատեն, տեղ տան։ Պետք է կարողանաս քեզ վաճառել, այսպես ասեմ, եթե անգամ այդ տեսակը չես։ Հետո պետք է լավություն չանես երբեք, չի գնահատվում։ Պետք է լինել անշահախնդիր, ինչը ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց, եթե գնահատում էլ են կամ սիրում տեսակդ, ուրեմն դա ձեռք բերված հարստություն է, ու ես ունեմ նման մարդկանց կողքիս ու շնորհակալ եմ, որ կան իմ կյանքում։ Ու գնալով նաև համոզվում եմ, որ ես երջանիկ մարդ եմ, ունեմ հրաշք ընտանիք ու ընկերներ։ Դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է։

Լիդա Եղիազարյան




Լրահոս