Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների անվճար ուսուցմամբ տեղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ին կայացած նիստում հաստատվել են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը:

ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված՝ անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էին 500-ով: 2022 թվականին նախատեսվում է ավելացնել այն՝ հաշվի առնելով միջին մասնագիտական կրթության դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը և նրանց հետագա շարունակականության ապահովումը:

Կառավարության որոշմամբ՝ 6084 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը՝ 3312:

Որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության՝ 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 76 ուսումնական հաստատության՝ 75 մասնագիտությամբ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվել գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, ինչպես նաև իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների՝ մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետների առկայություն):

Անվճար ուսուցման տեղերն առաջնային հատկացվելու են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում էլ մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90%-ն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին: Այդ նպատակով 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 247 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների՝ գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավելի դիմորդներ, և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 30 անվճար լրացուցիչ պահուստային տեղ՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար:

ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ՝ պայմանավորված ՀՀ աշխատաշուկայի պահանջներով, և ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն:




Լրահոս