Օգոստոսի 26-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։
Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշել է, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։
Դեսպան Ֆան Յոնգն իր խոսքում ասել է, որ 30 տարիների արդյունավետ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները՝ հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։
Ընդգծվել են նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում չինարեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծման և կրթության ոլորտում այլ համագործակցության հնարավորությունները։
Գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում արձանագրված հաջողություններին ծանոթանալու նպատակով կողմերն այցելել են մարզի առաջատար գինեգործարաններից մեկը՝ Արենիի գինու գործարան, որտեղ հյուրերը ծանոթացել են ոչ միայն գինեգործարանի հարուստ պատմությանը, այլև մարզի գինեգործության ոլորտի ողջ ներուժին և արտահանման հնարավորություններին։
Հյուրերն այցելել են նաև Թռչունների քարանձավ, որտեղ ներկայացվել է աշխարհում հնագույնը համարվող գինեգործական համալիրը։
Զբոսաշրջության ոլորտում երկուստեք ընդգծվել է մարզի հարուստ պատմամշակութային արժեքների և ներուժի՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելել են նաև Նորավանք վանական համալիր։
Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ ՉԺՀ դեսպանի այցի և համատեղ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների սկիզբ և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։