ՔՊ֊ն որոշել է ընտրությունների չմասնակցել սահմանամերձ Ճամբարակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի քանի համայնքներում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Համայնքի ղեկավար են ընտրելու նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ առաջադրվել է մեկ կուսակցություն միայն՝ գործող համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ: Նա առաջադրվել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով: Ստացվում է՝ անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը թեկնածուներ ունի գրեթե բոլոր վայրերում, որոշել է ընտրությունների չմասնակցել սահմանամերձ Ճամբարակում. այնտեղ վտանգավոր է քարոզարշավ իրականացնել:

Արդյունքում ստացվում է՝ Վազգեն Ադամյանը պայքարելու է ինքն իր դեմ: Իսկ ո՞րն է պատճառը. թերեւս իշխող կուսակցությունը չի ցանկանում համայնքի ղեկավար ունենալ սահմանամերձ համայնքում, այն էլ՝ Ճամբարակում, որը նաեւ հեռու է, խնդիրները շատ են, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը բնորոշում էր Շուշին՝ դժգույն, դժբախտ:

Մինչդեռ հենց երեկ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մարզերի համաչափ զարգացման, սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին լինելու կարեւորության մասին: Ինչպես միշտ, այս հարցում էլ, իրականությունն ու խոսքերը տարբեր են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս