РБ Спорт հրատարակությունը մանրամասներ է ներկայացրել Ռուսական «Շիննիկ» և ուկրաինական «Մինայ» ֆուտբոլային ակումբների խաղացողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից: Հիշեցնենք՝ միջադեպը պատահել է Անթալիայի հյուրանոցներից մեկում՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Ծեծկռտուքը սկսվել է վերելակում, որում ուկրաինացի ֆուտբոլիստների հետ եղել են նաև «Շիննիկի» պաշտպան Դանիիլ Պետրունինը և թիմի ավագը. լեզվակռվից հետո ծեծկռտուքը շարունակվել է հարկերից մեկում։ Շուտով ծեծկռտուքին միացել է ուկրաինական պատվիրակության մոտ 30 անդամ։
«Շիննիկի» խաղացողները դեմքի, մատների վնասվածքներ ունեն։ «Մինայի» առնվազն երեք ներկայացուցիչ ստացել է միջին ծանրության վնասվածքներ։
Ծեծկռտուքի մասին հայտնի դառնալուց հետո մոտակայքում բնակվող ռուսական «Ենիսեյ» և «Ֆակել» ակումբների ներկայացուցիչները մեքենայով մոտեցել են հյուրանոցին, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել հյուրանոց։ «Շիննիկն» ու «Մինայը» մնում են նույն հյուրանոցում. ռուսական ակումբը՝ երրորդ հարկում, իսկ ուկրաինականը՝ առաջինում։ «Մինայը» երկու օրից կլքի Թուրքիան:
Ավելի վաղ Baza թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Անթալիայի Royal Seginus հյուրանոցում։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ուկրաինական «Մինայ» ակումբի ներկայացուցիչները Յարոսլավլի «Շիննիկ» թիմի ավագից պահանջել են կատարել Ուկրաինայի հիմնը։ Ծեծկռտուքի հետևանքով հյուրանոց է կանչվել ոստիկանություն և շտապօգնություն։ Այժմ հյուրանոցում մշտական հերթապահություն է իրականացնում երկու ոստիկան։