Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնել է Թուրքիա: Անկարայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը, երկու երկրները պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ շարունակել աշխատանքը՝ հայ-թուրքական սահմանի ամբողջական բացման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ Հայաստանը երեկ Թուրքիա է ուղարկել նաեւ մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը, մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են սահմանը, որը փակ է արդեն շուրջ 30 տարի:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է Հայաստանի իշխանությունների՝ չափից ավելի ակտիվությունն այս հարցում. փորձագետը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է զուսպ լինեին:
-Պարո՛ն Մելքոնյան, մեր իշխանությունները վստահ են, որ իրենց այս հումանիտար քայլերը դրական ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Դուք ի՞նչ կասեք, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների այս քայլերը:
-Թուրքիայում, իսկապես, մեծ ծավալի աղետ է տեղի ունեցել. բնական է, որ Հայաստանը պետք է, դիվանագիտական արարողակարգից ելնելով, որոշակի քայլեր աներ, ուղղակի հայկական կողմի՝ չափից ավելի ակտիվությունը, երբ իրար հերթ չտալով Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը ցավակցում են եւ այդ հարցն ուշադրության կենտրոնում են պահում, բերում է հետեւյալ հարցին՝ մի՞թե մոռացել են, որ Թուրքիան մի երկիր է, որը մեր նկատմամբ տասնամյակներով թշնամական քաղաքականություն է վարել, որն ուղիղ մասնակցություն ունի արցախյան պատերազմին, եւ որն իր բացասական քաղաքականությունը Արցախի եւ Հայաստանի հանդեպ չի թաքցնում, կոնկրետ այս պահին էլ մասնակցում է Լաչինի միջանցքի շրջափակման եւ 120 հազար արցախցիների՝ աղետի շեմին հասցնելու գործին: Եթե այս ամենը մոռանում ենք եւ հարցը դիտարկում ենք միայն զգացական մակարդակում, ապա դա սխալ է: Ինձ համար երկու բան մնում է անհասկանալի՝ Հայաստանի իշխանությունների՝ չափից ավելի ակտիվությունը այս հարցում (կարծում եմ, պետք է ավելի զուսպ լինեին նրանք), անհասկանալի է նաեւ Հայաստանի իշխանությունների քողարկված հույսը, թե իրենց այս քայլերի արդյունքում կարող են դրական տեղաշարժեր լինեն հայ-թուրքական հարաբերություններում: Ես իրենց այս լավատեսությունը համարում եմ կասկածելի, որովհետեւ հույս ունենալ, որ, ցավակցությունների եւ հումանիտար օգնությունների շնորհիվ, Թուրքիան փոխելու է իր քաղաքականությունը, դա, կարծում եմ, փոքր-ինչ միամտություն է: Եկեք չմոռանանք, որ այլ տիպի աղետ է նաեւ Արցախում, որի պատճառը նաեւ Թուրքիան է: Եթե Հայաստանն այդքան ակտիվ քայլեր է անում եւ ակնկալում է համարժեք քայլեր, ապա մի քանի օր առաջ, իբրեւ բարի կամքի դրսեւորում, Թուրքիան եւ իր կրտսեր գործընկեր՝ Ադրբեջանը, պետք է որ բացած լինեին Բերձորի միջանցքը. հենց այն նույն պահին, երբ հայկական բեռնատարը հումանիտար օգնությամբ հատում էր հայ-թուրքական սահմանը, որպես բարի կամքի դրսեւորում, Ադրեջանը անջատում էր Արցախ գնացող գազի խողովակը, այնպես որ, այս ամենն ինձ վրա թողնում է ջայլամային քաղաքականության տպավորություն: Կտեսնենք՝ առաջիկայում որեւէ արդյունք կլինի, թե ոչ, բայց զուսպ լինելը այս հարցում ամենակարեւորն էր, որ այս իշխանությունները պետք է դրսեւորեին, քանի որ հարցը վերաբերում է շատ զգայուն խնդրի, որը միաշերտ չէ, բազմակողմանի է, քաղաքական հիշողության պակասով պետք չէ տառապել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին ՔՊ գրասենյակում հանդիպել է կուսակիցների հետ: Ըստ կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի եւ կուսակիցների փակ քննարկումից:
Տեղեկացանք, որ հանդիպման օրակարգում հիմնականում եղել են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ թե ինչ փուլում են բանակցությունները, ինչի շուրջ է բանակցում Հայաստանը:
ՔՊ-ականները Փաշինյանի հետ քննարկել են, մասնավորապես, Ադրբեջանի վերջերս փոխանցած առաջարկները՝ խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, Փաշինյանից հետաքրքրվել են՝ ինչ դիրքորոշում ունի նա՝ սրա հետ կապված, ՔՊ-ականները նաեւ իրենց տեսակետներն են հայտնել:
Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է, որ հնարավորինս շուտ պետք է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:
ՔՊ-ականները այս առումով մեծ ակնկալիքներ ունեն հատկապես Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի կատարած այսօրվա այցից:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
Վ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ
ԱԺ նախկին ատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին նոր մանրամասներ է ներկայացնում Հրայր Հակոբյանի եւ իրենց ունեցած վեճի մասին։
Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։ Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց գտնել ԱԺ նախկին պատգամավորի որդուն՝ Կարեն Հակոբյանին, որ անձամբ էր հոր ժառանգության հարցով դիմել է դատարան, սակայն կարողացանք գտնել ԱԺ նախկին պատգամավորի մյուս որդուն՝ Արմեն Հակոբյանին, եւ խնդրեցինք, որ նա մեկնաբանի, թե ինչու է եղբայրը դատի տվել հորեղբորը: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնեց. «Նախ ուզում եմ ասել, որ ազնիվ ժուռնալիստիկան ենթադրում է փաստերի երկկողմանի ներկայացում եւ ոչ թե մի կողմի հայտարարություններն որպես հիմք ընդունելը։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա էլ անհետեւանք չի մնա։ Մեր հորեղբոր՝ սպառնալիքներ պարունակող հայտարարությունները չեմ պատրաստվում մեկնաբանել։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում եւ մտադրված ենք մեր շահերն ու իրավունքները պաշտպանել համապատասխան ատյաններում։ Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե Ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս եւ իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետեւաբար աբսուրդային իրավաճակի մեջ ենք հայտնվել։ Փաստացի ո՛չ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքանը»: