ՊԱՐԵԿԸ ՍՊԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի եւ գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը եւ պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։

 

Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաեւ իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։ Ո՞վ է Սամվել Թովմասյանը, որը սպանվել է պարեկների կրակոցից: Վերջինս Հրադզան քաղաքի բնակիչ է եւ նախկինում եւս հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի հունիսի 1-ին Համլետ Նավասարդյանի հետ, գտնվելով Երեւան քաղաքի Տրգրան Մեծի փողոցի վրա գործող «Կամուրջ» հացատանը, ալկոհոլ է օգտագործել, որից հետո՝ ժամը 01:00-ի սահմաններում, դուրս գալով հացատնից, Տիգրան Մեծ փողոցի 46-րդ հասցեի դիմաց առաջացած կենցաղային հարցի շուրջ սկսել է վիճաբանել Համլետ Նավասարդյանի հետ, որի ընթացքում վերջիններս փոխադարձ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել եւ քաշքշել են իրար, ինչը նկատվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահություն իրականացնող աշխատակիցների կողմից, վերջիններս միջամտել են վիճաբանությանը եւ փորձել են Սամվել Թովմասյանին եւ Համլետ Նավասարդյանին բերման ենթարկել, սակայն Թովմասյանը մոտ 20 րոպե փողոցում հավաքված տասնյակ քաղաքացիների ներկայությամբ անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ դիտավորությամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների նկատմամբ:

Սամվել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա, 2022 թվականի փետրվարի 7-ին գողություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկ Քեշիշյանի հետ, ապօրինի մուտք են գործել «ՀրազՋէկ» ԲԲԸ-ին պատկանող «Ռուս-հայկական բարեկամության տուն» շինություն եւ այնտեղից գողացել պատուհանի թվով 6 հատ ալյումինե փեղկեր՝ պատճառելով գույքային վնաս: Այս արարքի համար դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկումը՝ 2 (երկու) տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԱՆԽԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ:

5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։

Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով վերոնշյալ ապրանքները բաց թողնվելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, եւ այդ տրանսպորտային միջոցներում առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ, եւ նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը՝ որպես հավելյալ բաղադրանյութ, օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ: Տնտեսավարող սուբյեկտը, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային վճարումից։

Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Դեպքին առնչվող նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՐԵԼ

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ Տիգրան Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության տնօրենը, նույն ընկերության սեփականատեր Արմեն Վահանի Բաղդասարյանի կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության ընթացքում կատարել է անօրինական գործողություններ՝ թաքցրել է գույքի, դրա չափի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ, «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով, չարամտորեն խուսափել է սնանկության կառավարչին հայտարարագիր ներկայացնելուց՝ պարտատիրոջը պատճառելով խոշոր չափի վնաս:

 

 

 

 

ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքի մասով պետք է անցնի նաեւ ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ինչպես հայտնի է, Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել, թե ինչու է հանրային քրեական հետապնդում հարուցվել նրա նկատմամբ։

Մասնավորապես, Սիմոնյանը նշանակված է եղել որպես պատասխանատու կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների՝ ներառյալ ֆինանսավորման համակարգի համար։ Սակայն «Մեդլայն» կլինիկան՝  Բ. Շ.-ի կազմակերպմամբ, բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե, իբր, հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետեւ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, խոսքը 2020 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի մասին է։ Նկատենք՝ առողջապահության նախկին նախարար, ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այլեւս նախարար չէ 2021 թվականի հունվարից։ Նույն տարվա հունվարի 18-ից մինչեւ այժմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Անահիտ Ավանեսյանը։ Այսինքն՝ ստացվում է՝ Գեւորգ Սիմոնյանին եւ կլինիկայի ղեկավարությանը մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում՝ մոտ 11 ամիս, իսկ Արսեն Թորոսյանի դեպքում՝ յոթ ամիս։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, որպեսզի նա ներկայանա նախաքննական մարմին եւ հարցաքննվի որպես վկա։ Վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ նույն ծանուցումից պետք է ուղարկվի նաեւ Անահիտ Ավանեսյանին, քանի որ այդ արարքը կատարվել է նաեւ նրա պաշտոնավարման ժամանակ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին՝ հասկանալու համար, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը մեկնաբանում Գեւորգ Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ի պատասխան՝ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. «Նախաքննությամբ պայմանավորված` մեկնաբանությունը տեղին չէ, ինչ վերաբերում է հարցաքննության հրավիրելուն, ապա եթե կարիքը լինի, օրենքին համապատասխան քայլն էլ կհաջորդի»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս