ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիի մաքսակետում բացահայտվել է «մեթադոն» տեսակի թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն էլ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սրբիչները ներծծված են մեթադոն տեսակի թմրանյութով։

Հարկ է նշել, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը: Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են ճամպրուկներով, ուր առկա են լինում նաև բազմաթիվ անձնական օգտագործման իրեր և հագուստ։

Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մաքսային հսկողությունից թաքցման եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ․Զ․-ն ձերբակալվել է։




Լրահոս