ԴՈՆՈՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր մարտի 30-ի նիստում 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշում կայացրեց:

 

Ներկայացվող նախագծի նպատակը զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումն է՝ 2023 թվականի առաջին եռամսյակի համար:

Խոսքը փոխնակ մոր ծառայության եւ դոնորական ձվաբջջի համար ծախսերը մասնակի փոխհատուցելու մասին է:

Փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը, եւ դոնորական ձվաբջջի ձեռք բերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Ներկայումս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ միջոցառման 1 շահառուից ստացել է դիմում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են գրություններ՝ միջոցառման 10 շահառուների համար դոնորական ձվաբջջի ձեռք բերման ծախսերը փոխհատուցելու համար:

Կանխատեսվում է, որ 2023-ի առաջին եռամսյակում փոխհատուցում ստանալու համար շահառուների ընդհանուր թիվը կկազմի 31 ծնող, որոնց համար 30 դոնորական ձվաբջիջի ձեռք բերման եւ 1 փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար մասնակի փոխհատուցման անհրաժեշտ գումարը կազմում է 30×600,000+1 x 5,500,000=23,500,000 դրամ:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով միջոցառման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել, 2023 թվականի առաջին եռամսյակում վճարումներն ապահովելու համար հարկ կլինի հատկացնել 23.5 մլն դրամ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը  հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 23.5 մլն դրամ:

 

 

 

«ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ն ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երեւանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երեւանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, եւ վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։

Առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։ Միեւնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռեւս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

 

 

 

 

ՈՐՈՇՎԵԼ Է ՕՏԱՐԵԼ ԱՃՈՒՐԴՈՎ

Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երեւան, Արաբկիր, Կիեւյան փողոց 16 շենք, 9/2 տարածք հասցեում գտնվող 68 քմ մակերեսով եւ 169.9 քմ մակերեսով ընդհանուր մաս հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաեւ շենքի զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 3278 քմ մակերեսով հողամասից 68/6703 բաժնեմաս հանդիսացող 33.2 քմ մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հասցեում գտնվող գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շենք, որից իրականացվել են մասնակի օտարումներ, եւ ներկայումս նշված շենքում ՀՀ սեփականություն է հանդիսանում շենքից մեկ եւ կես հարկ։ Օտարման առաջարկվող սենյակները փաստացի չեն շահագործվում որեւէ սուբյեկտի կողմից։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73,93 մլն դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաեւ գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 156 192 դրամը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս