«Նիկոլ Փաշինյանը երբ Ստեփանակերտում հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, այդ ժամանակ Մադրիդյան սկզբունքներ կայի՞ն, թե՞ չկային». Դավիթ Բաբայան:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի նախագահը վերջերս հերթական սպառնալիքն է հնչեցրել Արցախում բնակվող հայերի հասցեին՝ հայտարարելով. «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն»։ Ինչպե՞ս կարձագանքեք սրան: Ըստ Ձեզ՝ հերթական սպառնալի՞քն էր սա:
-Մեզ համար դա նորություն չէր. սա ոչ այլ ինչ է, քան շովինիզմի եւ նացիզմի քաղաքականություն միջազգային հանրության բացարձակ պապանձվածության պայմաններում: Որեւէ մեկը հայտարարություն չի արել՝ քննադատելով Ադրբեջանի նախագահին, թե այս ինչ է ասում. կարո՞ղ է սա Երրորդ ռայխի կուսակցական հանդիպումն է կամ համագումարն է, որ այդպիսի գաղափարներ են հնչեցվում: Որտե՞ղ է միջազգային դատարանը, որտե՞ղ են միջազգային կազմակերպությունները, որտե՞ղ են այն մարդիկ, որոնք Երեւանում ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով բղավում էին մարդու իրավունքների պաշտպանության մասին: Ալիեւը մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության է ենթարկում: Նման անտարբեր կամ խրախուսող պահվածքը խարխլում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ վստահությունը: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ խառնվել է, արժեզրկվել է, իլուզիաներով չպետք է ապրենք:
-Այսինքն՝ միջազգային հանրության լռության հետեւա՞նք է Ալիեւի այս սպառնալից հռետորաբանությունը:
-Միջազգային հանրության լռության եւ խրախուսման հետեւանքով է այս ամենը: Սիրիայի նախագահ Ասադիին կամ Ռուսաստանի նախագահին են փորձում դատել, իսկ մի մարդու, որը ցեղասպանութուն է իրականացնում ու բացեիբաց դրա մասին խոսում է, չի ճանաչում միջազգային դատարանի որոշումը, թքած ունի ամեն ինչի վրա, ասում են՝ սա լավ մարդ է, աշխատում են հետը, պայմանագրեր են կնքում, ձեռքն են սեղմում. սա է իրականությունը:
-Պարո՛ն Բաբայան, իր գրեթե բոլոր ելույթներում Նիկոլ Փաշինյանը մի թեզ է առաջ տանում՝ Մադրիդյան սկզբունքներով Հայասստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում: Նման հայտարարությունները չե՞ն վնասում բանակցային հետագա գործընթացին:
-Ես չեմ ուզում որեւէ մեկին մեկնաբանել, բայց կասեմ հետեւյալը. ըրեւէ մեկը 1988թ.-ից հետո՝ Ադրբեջանից ու Թուրքիայից հետո չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Փաշինյանը երբ այցելել էր Ստեփանակերտ ու հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, այդ ժամանակ Մադրիդյան սկզբունքներ կայի՞ն, թե՞ չկային: Մադրիդյան սկզբունքներում գրված չէ, թե Արցախն Ադրբեջանի մաս է: Ադրբեջանը պնդում է դա, մենք էլ պնդում ենք, որ այդպես չէ, մենք պետք է մեր գաղափարներին տեր կանգնենք, իրենք էլ իրենց գաղափարներին թող տեր կանգնեն, խնդիր չէ: Ամենակարեւորն այն է, որ մենք սկզբունքորեն շարունակենք մեր պայքարը, քանի որ Արցախը կորցնելուց հետո Հայաստան չի լինելու. քանի անգամ ենք սա ասել, ասողին լսող է պետք, ասել ենք, որ Արցախը բեռ չէ. այո՛, այն ծանր է, բայց վահան է: Հիմա Արցախը ջախջախված է, տեսնում եք՝ Հայաստանից կտոր-կտոր վերցնում են, վերջում էլ գալու են սրընթաց կերպով Հյուսիսային պողոտայում նստեն:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաեւ զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով զոհված, թափուր զինվորական պաշտոնի նշանակված, զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Բանն այն է, որ թափուր զինվորական պաշտոնի նշանակված, զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք ներառված չեն փոխհատուցում ստացող անձանց շրջանակում, որի կապակցությամբ նրանք զրկված են օրենքով սահմանված մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Ընդ որում՝ այս պահին նման խնդիր է ծագել մեկ անձի մասով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային՝ նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում:
ԱՄՈՒՍՆԱՑՆՈՒՄ Է ԴՍՏԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է: Տեղեկացանք, որ զույգի հարսանեկան միջոցառումը նեղ միջավայրում է անցել Արցախում: Ներկա են եղել միայն մտերիմ հարազատները, ընկերները, իսկ իշխանական վերնախավից էլ միայն Հարությունյանի ամենամտերիմները: Միջոցառումն անցել է առանց շքեղությունների: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձել են մեծ աղմուկ չբարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փեսացուն Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է եղել՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից:
ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եւս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։ Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հետաքրքիր է, որ այս գործով մեղադրվող բոլոր անձանց առնչվող քրեական գործերը կարճվել են, եւ միայն Ծառուկյանի գործն է ուղարկվում դատարան: Ի դեպ, սա մեծ հաշվով փուչիկ գործ էր, քանի որ այդպես էլ հիմնավոր ապացույցներ ձեռք չէին բերվել, որ Ծառուկյանն ընդհանրապես կապ ուներ ընտրակաշառքի թեմայի հետ, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, եւ հիմա ստիպված են գործն ուղարկել դատարան: