Ո՞Վ Է ԹՇՆԱՄՈՒՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴԱԾ ԿԱՊԻՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացի, ՊՆ N զորամասի կապիտանի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտել։

 

Մասնավորապես՝ սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եւ հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետեւ, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն եւ ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։

Ըստ ԱԱԾ-ի՝ կապիտանը «2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել եւ իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ եւ այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը եւ զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ»։ Որպես վարձատրություն՝ սպան օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար եւ բջջային հեռախոս՝ «այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության»։

Կապիտանը կալանավորված է: Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է կապիտանը, որ հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Վերջինս Վահե Հակոբյանն է. նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասում, ի պաշտոնե եւ ծառայության բերումով հնարավորություն ունենալով առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ ռազմական բնույթի գործողությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում ծառայողական գաղտնիք հանդիսացող եւ ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է դատարան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ «ԿԱՊՈՒՅՏ» ՄԶԿԻԹԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մեկ ընդհանուր նպատակ հետապնդելով եւ մեկ միասնական դիտավորության դրսեւորմամբ, ցանկանալով կազմալուծելու եւ խաթարելու պետական մարմին հանդիսացող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայության գործունեությունը, հանցավոր նպատակ է ձեռք բերել, իբր, նախապատրաստվող ահաբեկչության մասին բանավոր սուտ հաղորդումներ ներկայացնել նշված ծառայություն՝ նպատակ հետապնդելով բնակչության շրջանում ստեղծել վախի մթնոլորտ, խուճապ եւ հաճույք ստանալ դրանից։

 

Նարեկ Մելիքբեկյանը, իրականացնելով հր հանցավոր մտադրությունը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունները կեղծ են, նախ 2021 թվականի ապրիլի 23-ին՝ 12:27-ին, զանգահարել է 911 ծառայություն, ներկայացել Արթուր Դեդյան անվամբ եւ հայտնել, որ ինքը ազգությամբ չեչեն է, Ադրբեջանի կողմնակից եւ պատրաստվում է ահաբեկչական ակտ իրականացնել եւ պայթեցնել ՀՀ-ում գտնվող «Կապույտ» մզկիթի շենքը։ Դրանից հետո, շարունակելով միեւնույն օբյեկտի դեմ ուղղված իր դիտավորության մեջ ընդգրկված գործողությունները, նույն օրը՝ ժամը 20:09-ին, ահազանգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն եւ իր կողմից ահաբեկչության նախապատրաստություն իրականացնելու մասին սուտ հաղորդում է ներկայացրել առ այն, որ ինքը հանդիսանում է «Չեչեն» մականվամբ ահաբեկիչ եւ, իբր, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում 2021 թվականի ապրիլի 24-ին նախապատրաստվում է իրականացնել ահաբեկչություն։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում անհայտ վարորդն իր վարած «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 1981թ. ծնված՝ Երեւան քաղաքի բնակչին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել էր նշված տարածքին հարակից երկաթգծերի վրա։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության, բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսվել է նախաքննություն:

Իրականացված քննչական եւ վարութային՝ մարտավարական առումով արդյունավետ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում Երեւան քաղաքի 42-ամյա վերոնշյալ բնակչի եւ 44-ամյա բնակչի միջեւ տեղի է ունեցել միջադեպ։ Մասնավորապես՝ հնչեցվել են հայոհոյանքներ, որի ընթացքում 42-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Դրանից հետո 44-ամյա տղամարդու քրոջորդին՝ 2006թ. ծնված անչափահասը, «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենան վարել է 42-ամյա տղամարդու ուղղությամբ, որոշ տարածք հետապնդել եւ դիտավորյալ վրաերթի ենթարկելով՝ ապօրինաբար կյանքից զրկել նրան, ապա ավտոմեքենան թողնելով մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա՝ փախել է դեպքի վայրից։

Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթները միացվել են իրար, որով հետագա քննության իրականացումը փոխանցվել է Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնին։

Քրեական վարույթով կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ եւ չկրակված փամփուշտներ։

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում 17-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 5 մլն դրամի չափով, եւ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս