«ՀԵՍԱ ՏԵ՛Ս՝ ՔԵԶ ԻՆՉ ԵՄ ԱՆԵԼՈՒ» 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, տեղյակ լինելով իր նկատմամբ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին կայացված անհետաձգելի միջամտության որոշման մասին, Մասիս համայնքի կետրոնական հրապարակում Մասիս-Արտաշատ ավտոբուսը նստելիս մոտեցել է մերձավոր ազգական հանդիսացող նախկին կնոջը՝ Գեղեցիկ Բադալյանին, նստել նրա կողքին, բաճկոնի գրպանից հանել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված դանակը եւ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում հնչեցրել է սպանության սպառնալիք՝ ասելով. «Մորթելու եմ, սպանելու եմ»:

 

Այդկերպ նա չի կատարել հիշյալ որոշման պահանջները:

Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ ավտոբուսի մեջ Գարիկ Մկրտչյանը, հանդիսանալով Գեղեցիկ Բադալյանի մերձավոր ազգականը՝ նախկին ամուսինը, սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք՝ ասելով. «Հեսա տե՛ս՝ քեզ ինչ եմ անելու, դեմքիդ կիսլատա եմ լցնելու»: Սրանից հետո Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու 19-րդ տան դիմաց գտնվող կանգառի մոտ ձեռքով 2 անգամ հարվածել է Գեղեցիկ Բադալյանի դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ ստորին ծնոտի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ, այնուհետեւ հագուստի գրպանից հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված դանակը՝ մոտեցրել է Գեղեցիկ Բադալյանի պարանոցի շրջանին եւ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք՝ ասելով. «Հեսա քեզ կմորթեմ»:

Այնուհետեւ Գարիկ Մկրտչյանը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված դանակով հարվածել է վերոնշյալ վեճին միջամտած Գեղեցիկ Բադալյանի եղբոր՝ Արսեն Բադալյանի թիկունքի աջ հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի աջ հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող վնասվածքի ձեւով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁ

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում Արեւմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երեւան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները. վերջիններս ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը:

Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ եւ այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժքը գերազանցել է 50 մլն դրամը:

Միլանից Երեւան ժամանած քաղաքացիների մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագություններ՝ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, եւ տրամադրվել ՊԵԿ իրավաբանական վարչություն:

 

 

 

 

 

ԺԱՄԵՐ ԱՆՑ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեւանում ապրիլի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 56 շենքի փողոցային հատվածում քաղաքացի է ընկած՝ անգիտակից վիճակում։ Դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 31-ամյա Արամ Չ.-ն է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե անզգուշության հետեւանք՝ պարզվում է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

 

 

 

 

Ո՞Վ Է ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Ընդ որում՝ տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, եւ նրան այդ պաշտոնում կփոխարինի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովը։ Բանն այն է, որ անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի 4 համայնքներ մնացել են լիակատար շրջափակման մեջ, եւ շատերն այս փոփոխությունը կապում են նաեւ այդ հանգամանքի հետ: Ինչպես նշեցինք, ըստ մամուլի հրապարակումների՝ նոր հրամանատարը Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա Ալեքսանդր Լենցովն է։ Գեներալ-գնդապետը նախկինում Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր: Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերից Արցախում տեղակայված ռուսական զորախմբի արդեն երեք հրամանատար է փոխվել. Վոլկովից առաջ խաղաղապահ առաքելությունը ղեկավարել է Գենադի Անաշկինը, մինչ այդ էլ՝ Ռուստամ Մուրադովը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

Ո՞Ր ԴԱՏԱՎՈՐՆ Է ՔՆՆԵԼՈՒ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ դատավորն է քննելու ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջադեպի վերաբերյալ քրեական գործը: Վերջինս Երեւան քաղաքի դատավոր Տիգրան Ոսկանյանն է։ Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի փակ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել էր իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Քրեական գործ էր հարուցվել խուլիգանության եւ հարվածներ հասցնելու հատկանիշներով։ Մհեր Սահակյանը խորհրդարանի համաձայնությամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

 

 

 

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Ապրիլի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ գիշերվա ժամը 1-ին փորձել են գողություն կատարել Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղում գտնվող իր տնից: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել են հիմնավոր տեղեկություններ, որն իրացրել են նույն  օրը՝ երեկոյան ժամը 7-ին: Նույն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է Փարպի գյուղի դաշտում, բնակարանային գողություն կատարելու փորձ կատարելու կասկածանքով  ձերբակալվել է: Նա խոստովանել է, որ աստիճանը տեղադրել է եւ խմիչք գողանալու մտադրությամբ տան երկրորդ հարկի պատուհանից մտել է համագյուղացու տուն, սակայն ձեռնունայն հեռացել է, քանի որ առաջին հարկում մարդ է եղել:

 




Լրահոս