«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Տեր-Սիմոնյանը մարտի 31-ին հրաման է ստորագրել այդ ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող հիմնարկների տարածքներում, այդ թվում՝ Իջեւանի դենդրոպարկում ապրիլի 3-28-ը ըստ հաշվեգնահատման ցուցակների եւ անտառահատման տոմսերի սահմանված կարգով սանիտարական հատում, բնափայտի մթերում եւ փայտանյութի պահեստավորում իրականացնելու մասին։ Ապրիլի 14-ին Իջեւանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը Լ. Տեր-Սիմոնյանին զեկուցագրով հայտնել է, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 38164721 քրեական վարույթով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց ընթացքում արգելվում է իրականացնել չորացած ծառերի եւ թփերի հատում, հանում եւ հեռացում։ Մ. Սայադյանը հայտնեց, որ վերոհիշյալ քրեական գործով նշանակված փորձաքննություններով պետք է ճշտվեն Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում ապօրինի շինարարարության, Իջեւանի դենդրոպարկի ջրառը ջրազրկելու հետեւանքով դենդրոպարկին հասցված վնասները։
Այդ փորձաքննությունները դեռ չեն անցկացվել Հայաստանում հազվագյուտ, արժեքավոր ծառերի մասնագետներ չլինելու պատճառով. այդ մասնագետներից պետք է կազմվեր վնասները գնահատող հանձնաժողովը։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում կատարված ապօրինի մեծածավալ շինարարության հետեւանքով ավելի քան երկու տարի առաջ դենդրոպարկի ջրառը զրկվել է Աղստեւի ինքնահոս ջրից։ Դենդրոպարկի ջրառը վերագործարկելու համար պահանջվեց երկու տարի եւ յոթ ամիս, որի ընթացքում դենդրոպարկում չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր եւ մոտ 24 հազար տնկի։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, Աղստեւի աջ ափին պատ կառուցելով, այժմ դենդրոպարկի ջրառը վերագործարկել է։ Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու եւ գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով, քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն նախաքննությամբ մինչ այժմ որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։
Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն Իջեւանի գինու, կոնյակի գործարանը «պարգեւատրվել է»՝ վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք։
2023թ. հունվարի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջեւանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասը՝ 5,7 հեկտարը վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ 2023թ. փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին հանգստի գոտու վերածելու նպատակով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԿՍՏԵՂԾՎԻ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է ստեղծել «Երեւան» պետական փակ բաժնետիրական ընկերություն: Հիմնավորման մեջ նշվում է, թե այն ստեղծելով՝ հնարավոր կլինի կազմակերպել եւ օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով եւ անցկացնել սպորտային միջոցառուներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաեւ պահպանել գույքը, ձեռք բերել նորը եւ ներդրուներ կատարել։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության գործառույթների շրջանակներում կիրականացվեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարբեր մարզաձեւերի՝ 18 տարեկանից բարձր տարիքի հավաքականների թեկնածուների մարզումները։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։
Որպես հիմնավորում՝ նշվում է, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք), որը, սակայն, իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների եւ սահմանափակ կարողություններով անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։
Ըստ իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կատարված վերլուծությունների՝ յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող 120 մարզիկ հնարավորություն կունենա մարզվել ընկերությունում:
Միաժամանակ ներկայումս բաց է մնում նաեւ 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականության խնդիրը։
Ընկերության հիմնումը ենթադրում է ուսումնամարզական կենտրոնի ստեղծում, որը կապահովի 2 թիրախային խմբերի մարզումների հետագա շարունակականությունը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ
Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է:
Դեռեւս դեկտեմբերից Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինը: Արդեն ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը՝ ամբողջական շրջափակելով Արցախը, այնտեղ նաեւ անցակետ է տեղադրել:
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորում է արցախցիներին դիմանալ բլոկադային:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, արձագանքելով Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ Արցախը հանձնողների կոչերի կարիքն արցախցիները չունեն. «Եթե Անդրանիկ Քոչարյանն Արցախի մասին մտածող մարդ լիներ, գոնե մեկ անգամ իր գործընկերներին կզանգեր, կիմանար նրանց որպիսության մասին, կհետաքրքրվեր՝ ինչով կարող է օգտակար լինել: Հանրային դաշտում արցախցիներին կոչ անել՝ դիմացե՛ք, ճիշտ չէ: Արցախում Անդրանիկ Քոչարյանին չեն ընդունում: Արցախը հանձնողների կոչերին արցախցիները չեն հետեւում»,- ասում է արցախցի պատգամավորը:
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Հայաստանի կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Մի քանի փոփոխություններ են կատարվելու: Դրանցից մեկով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը պետք է քննի ամբողջ կազմով: Ընդ որում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար Բարձրագույն դատական խորհրդում ձեւավորվում է Բարձրագույն դատական խորհրդի չորս անդամ ընդգրկող կազմ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ եւ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված:
Ն.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ