Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մայիսի 8-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել:
Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները. վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր, եւ ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:
Առաջին լուսանկարում Սարսանգի ջրամբարն է մինչեւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում՝ ջրամբարի ներկայիս վիճակը»։
2023 թվականի մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1855 զանգ: Կանչերից 11-ը՝ տեխնածին, 28-ը կենցաղային բնույթի են:
ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան եւ 6 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
«Օձի հայտնաբերման վերաբերյալ 1 կանչ է գրանցվել: Սողունը հայտնվել է Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում: Փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ տարածք։
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Հրդեհի բոլոր դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում: Հրշեջներն իրականացրել են հրդեհաշիջման եւ համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 4 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 169 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների կողմից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնում պայթեցման աշխատանքներ, որի մասին Sms հաղորդագրությամբ իրազեկվում է քաղաքացիներին։
Կյանքի համար վտանգ հանդիսացող զինամթերքի հայտնաբերման մասով մեկ կանչ է գրանցվել մայիսի 6-ին: Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում հայտնաբերել է հրթիռակասետային եւ մեկ գնդիկաբեկորային ռումբ: Նույն օրը ռազմամթերքը տեղում վնասազերծվել է:
Շուրջօրյա ծառայության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերում բնակչությանը, արձագանքում քաղաքացիների բոլոր ահազանգերին: Դրան զուգահեռ, պարբերաբար անցկացվում են մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստության դասընթացներ փրկարար ծառայողների մասնագիտական ունակությունների բարձրացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին, դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։
«Դատարանի մայիսի 4-ի 2023 թվականի դատավճռով՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով»,- հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Երկրորդ զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի քրեական քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Երեկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի հրահրած վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ եւ վճռական միջամտությունը՝ թույլ չտալու մարդու իրավունքների զանգվածային ու կանոնավոր խախտումների շարունակումն Արցախում եւ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերն ու ցեղասպան մտադրությունները։
Հայտարարության մեջ ասվում է. «Գրեթե 5 ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության պաշարումը, որն ուղեկցվում է տրանսպորտային եւ էներգետիկ ապօրինի շրջափակմամբ եւ հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով համակարգված ու հետեւողականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Այս քաղաքականության շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծել, այլ նաեւ արհեստականորեն հրահրել բնապահպանական աղետ եւ խարխլել Արցախի կայուն զարգացման հիմքերը։
Մասնավորապես, ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ հոսանքագծի վթարի վերացումն Աղավնո-Բերձոր հատվածում։ Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով ադրբեջանական կողմը կանոնավոր կերպով խափանել է նաեւ Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքը։ Վերջին անջատումից արդեն 2 ամիս է անցել։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանը դարձավ էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ հնարավորությունը, սակայն ադրբեջանական իշխանությունների՝ պաշարման եւ էներգետիկ շրջափակման չդադարող քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ցրտաշունչ ձմռան ընթացքում Արցախի պաշարված բնակչության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով ջրամբարից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր։
Արցախի իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման միտումնավոր արգելափակման շարունակումը կհանգեցնի աղետալի հետեւանքների, մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարի համար, որը քաղցրահամ ջրի ամենախոշոր ու կենսական նշանակություն ունեցող աղբյուրն է Արցախում։ Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետեւանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար. Արցախի, ինչպես նաեւ Ադրբեջանի որոշ շրջանների բնակչությունը կզրկվի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներից»։
«Ո՛Չ ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆԸ»
Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման խմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքը:
Հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով: Ներկաները լռության րոպեով հարգեցին Մեծ Հայրենական եւ արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը:
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները վերահաստատեցին իրենց պահանջներն ու պայքարելու վճռականությունը՝ ազատ ապրելու իրավունքի համար:
Այնուհետեւ ներկայացվեց օրերս նախաձեռնված ստորագրահավաքի պահանջագրի տեքստը՝ ուղղված ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին ու ՀՀ վարչապետին:
«Արցախի Հանրապետության քաղաքացիները նրանց ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման մեջ պահելով 120000 բնակչությանը: Մենք պահանջում ենք կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- ասված է հայտարարության մեջ:
Ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը, շնորհավորելով Եռատոնի առթիվ, նշեց, որ իրենց սերունդը կատարել է այն, ինչը շատերին անհնարին էր թվում:
«Հաղթանակել ենք, որովհետեւ միասնական ենք եղել: Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»,- ընդգծեց ազատամարտիկը:
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ հաղթանակները միշտ հիշվելու են, եւ դեռ կերտվելու են նորերը:
«Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց կարմիր գծերը՝ դնելով անցակետ: Այդ կարմիր գծերի խախտումը, որպես արժանապատիվ մարդ, ստիպում է պայքարել, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա: Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: Մենք 149 օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը: Ունենք մեծ խնդիրներ, բայց չենք ընկճվում: Այո, ծանր է վիճակը, բայց գիտենք մի բան՝ ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել: Մենք պաշտպանում ենք մեր տունը, քաղաքներն ու գյուղերը, գերեզմանները, մեր հողի վրա ապրելու իրավունքը: Մենք չենք ուզում ոչ մեկի վրա հարձակվել, ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հայրենիքում: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները չեն կարող լինել՝ ատրճանակը գլխին դրած, այլ երկկողմանի հարգանքի պարագայում միայն»,-ասաց Վարդանյանը՝ Արցախի շուրջ համախմբման կոչ անելով համայն հայությանը:
Հանրահավաքին ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ եւ Կապան քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1%-ով։
Հնդկացորենի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 18.5%-ով, ոսպինը՝ 13.9%-ով, ալյուրինը՝ 8.4%-ով, բրնձինը՝ 6.9%-ով, ոլոռինը՝ 6.1%-ով, լոբունը՝ 3.3%-ով, մակարոնեղենինը՝ 1.9%-ով, ձավարինը՝ 1.8%-ով, հաճարինը` 1.7%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 2.2%, 3.2%, 1.4%, 1.9%, 0.2%, 2.1%, 0.3% եւ 0.8%-ով:
2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացի 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 3.4%, 2.2%, 0.4%, 0.9% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:
2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գրանցվել է տավարի մսի 17.3%, գառան մսի՝ 1.3% գնաճ եւ խոզի մսի՝ 13.0% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2%, 0.2% եւ 1.5% գնանկում:
Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով:
2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արեւածաղկի բուսական յուղի գինը նվազել է 28.9%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 5.2%-ով:
Դրան զուգընթաց, թռչնամսի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 0.4%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ գրանցվել է 0.4% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով: