Պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգը՝ վարչապետի որոշմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվելու է վարչապետի որոշմամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել և առաջարկում է փոփոխություններ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում:

Նշենք, որ օդանավակայաններում հատուկ եւ պաշտոնական պատվիրակությունների սրահները 2 տարբեր սրահներ են: Այժմ սահմանված է, որ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Հիմնավորման մեջ նշվում է՝ հաշվի առնելով, որ  օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, որը այլ կերպ կոչվում է նախագահական կամ կառավարական սրահ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում նախատեսել դրույթներ նաեւ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:

Ն.Հ.




Լրահոս