Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին հարցն է: Ընդ որում, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագիծը ընդգրկված է չզեկուցվողների թվում:
Բանն այն է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և լրացվել է «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Միևնույն ժամանակ, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետ` օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար: Ուստի, նշված հոդվածով ամրագրված նորմերի կատարումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Այսպիսով, նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`
- նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում ,
- սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,
- սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ)
Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
- աշխատավարձի մոտավոր հաշվարկը`14,8 մլն դրամ.
83.200 (Բազային աշխատավարձ) * 6.1 (գործակից) * 12 (ամիս) =6.090.240
83.200 (Բազային աշխատավարձ) * 4.9 (գործակից) *12 (ամիս) = 4.892.160
83.200 (Բազային աշխատավարձ) * 3.3 (գործակից) *12 (ամիս) = 3.294.720
- Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝ 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8մլն դրամ:
Հավելենք, որ «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Ն.Հ.