Քաղաքացուն թույլ չեն տվել մտնել Ազգային գրադարան․ որն է եղել պատճառը․ ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի բնակիչն ահազանգել է ArmLur.am-ի խմբագրություն և բողոքել, որ իրեն թույլ չեն տվել Ազգային գրադարան մուտք գործել՝ վավերականության ժամկետն անց քարտ ունենալու պատճառով։ Բնակչի խոսքով՝ նա 10 տարուց ավելի է ինչ Ազգային գրադարանի ընթերցող է․

«Շատ տհաճ միջադեպ էր, որը կարող էր և տեղի չունենալ: Նոյեմբերի 9-ին մտնում եմ Ազգային գրադարան հերթական անգամ այնտեղ դաս անելու: Պահպանության աշխատակցին մոտեցա և ասացի, որ մոռացել եմ ընթերցողական քարտս, բայց կարող եմ փոխարենը ցույց տալ աշխատանքային էջս կամ անձնագիրս, սակայն չհամաձայնվեց»-պատմեց քաղաքացին:

Ըստ քաղաքացու՝ միայն համակարգչային գրանցման բազայում պարզվեց, որ իր ընթերցողական քարտի վավերականության ժամկետն անցել է, և ինչպես նա է նշում միայն բանավոր խոսքի միջոցով հայտնի դարձավ, որ Ազգային գրադարանում ընթերցողական քարտի վավերականության ժամկետը 5 տարի է:

«Ինձ հետաքրքրում է, որտեղ է ամրագրված այդ 5 տարին, ինչու ինձ ծանուցում չի հաղորդվել, որ իմ քարտի ժամկետն անցել է, և ինչու ես իմ ժամկետնանց քարտով այս տարվա մեջ մի քանի անգամ կարողացել եմ օգտվել ազգային գրադարանից: Արդյո՞ք Ազգային գրադարանի աշխատակիցները համապատասխանում են Ազգային գրադարանի չափորոշիչներին»,-վրդովված նկատեց քաղաքացին:

Մեզ ահազանգած քաղաքացին ասաց, որ փորձել է բոլոր հնարավոր միջոցներով կապ հաստատել պատասխանատուների հետ, սակայն կամ չեն պատասխանել կամ էլ կեսից անջատել են հեռախոսը՝ պնդելով, որ հեռախոսակապի խնդիր ունեն:

ArmLur.am-ը հասկանալու համար, թե ինչ է կատարվել և ինչու է նման միջադեպ գրանցվել գրադարանում, փորձեց կապ հաստատել անձամբ պատասխանատուների հետ։

Ազգային գրադարանի տնօրենի խորհրդատու, հասարակական կապերի բաժնի պետ Ներսես Հայրապետյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց․ «Ազգային գրադարանն ունի գրադարանից օգտվելու իր կանոնակարգը և ոչ մեկ իրավունք չունի այն խախտելու, այդ թվում՝ ես և տնօրենը: Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ էր ունենալ վավեր ընթերցողական տոմս, ինչն այդ պահին քաղաքացին չի ունեցել: Ժամկետի մասին ծանուցելու կարիք չկա, քանի որ տոմսի վրա հստակ նշվում է լրանալու ժամկետը: Ինչ վերաբերում է անվավեր տոմսով գրադարանից օգտվելուն, ապա հնարավոր է եղել է, բայց առանց հիմքերի ոչինչ ասել չեմ կարող»,-եզրափակեց Ներսես Հայրապետյանը։

Հավելենք, որ ընթերցողական տոմս ստանալու համար անհրաժեշտ էր միայն անձնագիր և 3/4 չափի լուսանկար։

Նանիկ Աղասյան




Լրահոս