ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, France 24-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ներկա իրավիճակին, հարցին` կարող է ասել, որ հարաբերություններում առաջընթաց կա` հաշվի առնելով, որ մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի նախագահը «կառուցողական» անվանեց, նշեց.
«Այս ընթացքում էլի եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք, հուսով եմ` այս անգամ այդպես կլինի: Ինչի մասին է խոսքը. երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը ճշգրտորեն և Ադրբեջանը ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն են. Ալմա Աթայի հռչակագիրը պետք է հիմք դառնա երկու երկրների միջև սահմանազատման, քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի վրա, հավասարության և փոխադարձության շրջանակներում:
Մենք այս սկզբունքները կենտրոնացրել և արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, եթե Ադրբեջանը այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները, մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա»,- ասաց նա: