Ի վերջո ինչպե՞ս կլուծվի արցախցիների բնակարանային ապահովման խնդիրները. քաղաքացիները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների համար առաջնային է բնակարանային ապահովման խնդիրը: ՀՀ կառավարության կողմից մշակվող բնակարանային ապահովման աջակցության ծրագրի նախադրյալները վերջերս ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ծրագիրն իրականացվելու է փուլային և ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր չափահաս անձի տրամադրվելու է 3 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ անչափահասներին տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, իսկ չափահասներինը՝ վերադարձելի:
Ծրագրի դրույթների համաձայն՝ կառուցվող կամ ձեռք բերվող տանը կամ բնակարանում 10 տարի ապրելու և ֆինանսական որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում այն կանցնի տվյալ ընտանիքի սեփականությանը: Եթե վերադարձվող գումարն ընտանիքի չափահաս անդամները չկարողանան ապահովել, նրանք կշարունակեն ապրել այդ բնակարաններում՝ ուղղակի առանց այն վաճառելու և սեփականության իրավունքի: Իսկ եթե սահմանված չափը վերադարձնեն, ապա կստանան սեփականության իրավունք և կկարողանան վաճառել գույքը։

Ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր Հայաստան էին տեղափոխվել մինչև 2023թ. սեպտեմբերը կամ 2020թթ. 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: Ծրագիրը պարտադրելու է նաև ունենալ ՀՀ քաղաքացիություն:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած այս ծրագիրը բավականին անհանգստություն առաջացրեց արցախցիների քաղաքացիների շրջանակներում: Արցախի 32 կազմակերպություններ միահամուռ ուժերով ձևավորեց «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնություն»-ը, որը վերջերս անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին՝ առաջ քաշեցին իրենց կողմից մշակված ծրագիրը, որն, նրանց կարծիքով, ավելի արդյունավետ կկիրառվի: «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը» մարտի 5-ին բաց նամակով դիմեց ՀՀ Կառավարությանը՝ ներկայացնելով բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրերի վերաբերյալ:

Բաց նամակում անդրադառնալով արցախցիների բնակարանային կարիքների բավարարման խնդիրներին՝ առաջարկվել է ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով և իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ներգրավելով նաև միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսները:
Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով՝ առաջարկվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին: Ընդ որում՝ առաջարկվել է գումարը հատկացնել անվերադարձելիության սկզբունքով: Առաջարկվել է նաև հրաժարվել ՀՀ քաղաքացիության պահանջից և աջակցել բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին:
Առաջարկվող ծրագրի սկզբունքներից է նաև, որ առանց կրճատումների շարունակվի 40,000+10,000 դրամի աջակցության ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը, փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար այլ մոտեցում ցուցաբերել, ըստ անդամների քանակի, ընտանիքին հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով, ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար, նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար:

Ինչպես նաև առաջարկվել է ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները:
Վերոնշյալ ծրագրի դրույթներն, ըստ «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնության», կնպաստի Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: «Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»,- նշված էր նամակի մեջ:

Նամակում նաև Արցախի պաշտոնյանները հայտնեցին իրենց պատրաստակամությունը ցանկացած ձևաչափով հնդիպումների ու քննարկումների անցկացմանը, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս