ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը արձանագրում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին մեկը մյուսի հետեւից ձերբակալում են:

Ո՞վքեր են նրանք:
Քննչական կոմիտեն երեկ հայտնել է.
«Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը։
Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջ։
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցավոր արարքն առերեւույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության եւ վերջինիս աջակիցների կողմից Երեւան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12?00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նալբանդյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։
Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։
Պարզվել է, որ վերջիններս Երեւան քաղաքի 42-ամյա եւ 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված երկու անձինք, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։
Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Ի՞նչ է սպասվում վերանշյալ անձանց. կհետեւենք իրադարձությունների զարգացմանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ո՞Վ ԷՐ «ԿԱՄԱԶ»-Ի ՎԱՐՈՐԴԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ հրապարակում քաղաքացիների վրա ներխուժած բեռնատարի վարորդը Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքը «Կամազ» -ով եկել էր միանալու ցուցարարներին։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերեւույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի բռնության ենթարկելու դեպքով։
Տեղեկացնում ենք, որ գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Արթուր Խաչատրյանը եւ հայտնել։
«Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրն՝ ապրիլի 27-ին, Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով եւ սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից եւ ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։
Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։
Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր եւ չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու եւ բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։
Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսեւորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել էր նա։
Գործը ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե եւ արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱն

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԻԿԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին:
Այս մասին վերջինս հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Միկա Բադալյանի եւ լրագրող Ժիրայր Ոսկանյանի միջեւ տեղի էր ունեցել միջադեպ:
Լրագրողի նկատմամբ Երեւանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ-Ն ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաեւ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:

ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ
«ժողովուրդ» օրաթերթը դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,որ նա մեկնաբանի ՔՊ պատգամավորի հայտարարությունը, ի պատասխան վերջինիս խոսնակը փոխանցեց Պաշտպանի խոսքը.«Ի պատասխան Ձեր հարցի` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի մեկնաբանում առանձին քաղաքական գործիչների քաղաքական խոսքը։ Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով իրավիճակը` Պաշտպանը բոլոր հանրային ու քաղաքական գործիչներին կոչ է արել եւ անում օգտագործել առավել հանդուրժող խոսույթ, իսկ զանգվածային լրատվության միջոցներին հորդորում է չտարածել անհանդուրժողականություն քարոզող, վիրավորանք պարունակող եւ ատելության խոսք։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մեր հասարակությունում առկա քաղաքական եւ հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության եւ իրավունքի գերակայության երաշխավորման ճանապարհին»։
Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է.
«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որոնք ուղղորդվում են օտար ուժերի կողմից»։




Լրահոս