ՄԱՆԴԱՏԻ ՀԵՏ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ, մանդատից հետո, օրենքի պահանջի համաձայն՝ բիզնես կամ գործարար գործունեությունը հավատարմագրում այլ անձի եւ զբաղեցնում անձեռնմխելի պաշտոնը։ Սա օրենք է բոլորի համար. սակայն օրենքը «օրենք չէ», եթե այն բացառություններ չունի ՔՊ-ական պատգամավորների համար։ Խոսենք փաստերով։
Այսպիսով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանում է՝ պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`
1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,
3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,
6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ. հենց այս աշխատանքի համար էլ պատգամավորը 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից պարգեւատրվել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։
Այս ամենը գուցե նորմալ դիտվեր այն դեպքում, երբ այս աշխատանքը համարվեր ստեղծագործական աշխատանք, սակայն փաստաթուղթը, որը ներկայացված է, ամենեւին ստեղծագործական տարրեր չի պարունակում։ Ավելին՝ կազմակերպությունը, այս դեպքում՝ գրական ակումբը, որտեղ գործունեություն է ծավալում Ղազարյանը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, անհամատեղելի պաշտոն է համարվում պատգամավորական մանդատ ունեցող անձի համար։
Ըստ մեր տեղեկությունների՝ Թագուհի Ղազարյանը, Բուն TV-ում հաղորդում վարելու համար, նախորդ տարի դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով թույլտվություն ստանալու համար, հավաստիացրել է, որ այն պարբերական բնույթ չի կրելու։ Հանձնաժողովը թույլատրել է, քանի որ այն դիտարկվել է որպես ստեղծագործական աշխատանք, սակայն այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աչք է փակում եւ ոչ մի արձագանք չի տալիս, համենայնդեպս, այդ մասին որեւէ արձանագրում չկա։

Գավաթակիր թիմի մարզիչը բոյկոտել է ՀՖՖ ղեկավարությանը

Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգեւատրման ու գավաթի հանձնման արարաողությունը չուղեկցվեր սկանդալով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա երկրպագոուների աչքից չի վրիպել փաստը, որ պարգեւատրման արարողության ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին մոտեցող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին եւ նրան ուղեկցող Արմեն Նիկողոսյանին, ըստ էության, բոյկոտել է թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ու չի մոտեցել ՀՖՖ նախագահին՝ գավաթը հանձնելու պահին։ Այսքանով ամեն բան չի ավարտվել. կատարվածից սաստիկ զայրացած ՀՖՖ ղեկավարությունը, ոչ պաշտոնապես, հայտարարել է, որ այլեւս չի վաճառի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մի հատվածը «Արարատ-Արմենիային», որի մասին «Հրապարակի» մեր գործընկերների հետ զրույցում խոսել էր թիմի պաշտոնյաներից մեկը՝ ըստ էության հաստատելով, որ բանակցություններն «Արարատ-Արմենիայի» ու ՀՖՖ-ի միջեւ այս ուղղությամբ ընթանում են։ Ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով, «Փյունիկ» ՖԱ-ից հետո «սեւ ցուցակում» կհայտնվի նաեւ «Արարատ-Արմենիան»։ Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ այդ թիմի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ՀՖՖ նախագահի վերջին ընտրություններից առաջ իր դիրքորոշումն էր հայտնել՝ չսատարելով ինչ-ինչ ճանապարհներով ՀՖՖ նախագահ դարձած Արմեն Մելիքբեկյանին։ Մենք բազմիցս անդրադարձել ենք ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերին, ֆինանսական ոչ թափանցիկ՝ ուստի հարցեր առաջացնող խնդիրներին, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներին ու բազմաթիվ նմանատիպ հարցերի։ Զարմանալի է, որ ֆուտբոլային աշխարհում նման հեղինակություն ունեցող անձինք շարունակում են վայելել իշխանությունների համակրանքը՝ չտալով ոչ մի արդյուք ու չկարաողանալով նույնիսկ նորմալ մթնոլորտ ապահովել այդ ոլորտում։ Ըստ էության՝ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն ամեն բան անում են, որպեսզի ֆուտբոլային բազմահազարանոց աշխարհը եւս միանա իշխանափոխության պահանջին. իսկ դա հասունանում է, ու այդ ամենի «ճարտարապետը» ՀՖՖ ներկա ղեկավարությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։ Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1-ի» գործն է։ «Ժողովուրդ» օրթաթերթը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնել էին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար:

Ս.թ. ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակումների մասին, այդ թվում՝ իր խորհրդական Պետրոս Պետոյանի։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Պետոյանի պաշտոնական կենսագրությունը, պարզեց, որ պաշտոնյան իր նշանակման իրական օրվա մասին կենսագրական տվյլաներում գրել է՝ մարտի 19։ Անհամապատասխանության նման մեծ` 14-օրյա ինտերվալը չէր կարող վրիպման արդյունք լինել: Սա նշանակում է, որ քաղաքապետարանում ակնհայտորեն չեն տիրապետում իրավիճակին եւ պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը։ Հ.Գ. Չի բացառվում, որ ՔՊ-ի օրոք անձը նախ «նշանակվում» է ամենակարեւոր պաշտոնին, ապա նոր ֆորմալ առումով հրամանագրվում է՝ օրինական կարգով. կամ էլ Պետոյանը ուղղակի դրանք շփոթել է կենսագրությունը լրացնելիս, բայց, անհարմար է այս դեպքում էլ։




Լրահոս