ՀՀ Կառավարությունը հեղինակել է «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման փաթեթ, որը, ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծերի փաթեթի, «ուղղված է զուտ ոստիկանական ծառայության ստեղծմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ»: Թվում է՝ առաջադեմ մի նախագիծ է, բայց, «թաքնված» լուրջ հարց է լուծում այդ նախագիծը:
Ներկայացնենք փոքր-ինչ ավելի մանրամասն. ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանելու անձի իրավունքները եւ ազատությունները, ինչպես նաեւ ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը:
Այնինչ կա եւս մի կետ, որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին։
Մասնավորապես այն հատվածը, որը սահմանում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումեր կատարելու մասին» օրենքի նախագծի օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի լրացում. այն սահմանում է՝ «նախատեսված գործառույթները ոստիկանության մարմինները պետք է իրականացնեն զինված ուժերի եւ այլ զորքերի ուժերի կիրառման եւ (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում։
Այսինքն՝ այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։
Նրանց պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը։ Այսինքն՝ ոստիկանները, իսկ ավելի կոնկրետ՝ միայն գվարդիան էլ սահման չի գնա նույնիսկ պատերազմի օրերին:
Նշանակում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ զորքերի կատարած ծառայությունը, որը ի նպաստ հայրենիքի պաշտպանության էր, այսուհետ չի լինի. նրանք կծառայեն միայն ի նպաստ ՀՀ իշխանությունների անձերի պաշտպանության։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում փորձում է սեփական աթոռը պահել՝ բռնի ուժ կիրառելով։
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները խիստ են պատրաստվել, ու անգամ ներքին քննարկում է եղել, որ շատ ավելի խիստ են լինելու։ Բանն այն է, որ այսօր ԱԺ է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու, բացի այդ էլ, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարեւոր «հանգրվան» է լինելու։ Արդյունքում՝ իրավապահ համակարգը լուրջ է տրամադրվել, թե ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ից ընդդիմադիր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում։ «Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», – հարթակից հայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», – նշել էր նա՝ հավելելով, որ հունիսի 12-ը կարեւոր հանգրվան է լինելու։ «Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու. պատրաստվում ենք հունիսի 12 ին»։
ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամների կարիերան եւ աշխատավարձը սրընթաց աճում են: ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում եւ կարծես մինչեւ 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։ Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարեւորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր: Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա», – ասաց նա: