Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատազրկման հարցը քննելու դատական նիստը հետաձգվեց։ Դատարանը այն տեղափոխեց սեպտեմբերի 10–ին, քանի որ այսօր այլ դատական նիստ ուներ նշանակված։
Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ու կկայացնի որոշում, քանի որ այդ օրը որոշում կայացնելու վերջնաժամկետն է։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։
Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։