Գերասիմ Աթաջանյանին (Գեւորգյան) անվանում էին Կապանի Արծիվ: Նա ծնվել է Կապանի Գեղանուշ գյուղում` 1889 թվականին: Գյուղի մեծերը պատմում էին, որ նա որբ է եղել, նրան պահել է հորեղբոր կինը` Ղամաշ մաման, ով մեծ համբավ է ունեցել գյուղացիների շրջանում: Գերասիմին որպես որսորդ ճանաչել եւ հարգել են ամբողջ շրջանում: Նա հայրենի Խուստուփ որսորդության էր գնում 1917 թվականից, իսկ հետո այդ նույն զենքն ուղղեց այն մարդ-գազանների դեմ, ովքեր հայ շինականի անմեղ արյան էին ծարավի: Մինչեւ 1919-ի վերջը Գերասիմը Սյունիքի մեկ այլ հերոսի` Պողոս Տեր-Դավթյանի հետ պաշտպանում էր հայ գյուղացու կյանքը, պատիվն ու աշխատանքը: Գարեգին Նժդեհի` Սյունիք գալուց հետո Գերասիմը եւ Պողոսը դառնում են նրա հզոր բազուկները, նմանվում իրենց քաջազուն զորավարին:
Մինչեւ Նժդեհի Սյունիք գալը հայությունը կռվում էր մուսուլման ջարդարարների դեմ, ապա Կարմիր բանակի, Անկարայից բերված զորագնդի դեմ` Ջավալ փաշայի գլխավորությամբ: Սկզբնական շրջանում հայերը Կարմիր բանակի դեմ չէին կռվում, բայց հասկացան, որ նրանց նպատակը Սյունիքը Ադրբեջանին միացնելն է, որի համար էլ մտել էին Լեռնային Հայաստան: Այսինքն` նպատակը Հայաստանի` որպես ինքնուրույն պետական միավորի ոչնչացումն էր: Հայոց արծիվները` Գարեգին Նժդեհը, Գերասիմ Աթաջանյանը եւ Պողոս Տեր-Դավթյանը ու այլ քաջեր Խուստուփի ժայռերից իրենց արծվենի հայացքով հետեւում էին Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին: Թշնամին խլում էր հայ մանուկի վերջին պատառ հացը, սպանում նրա հորը, Գորիսի բանտում հայ կալանավորների թիվը հասնում էր հազարի: Եվ ահա, 50 հոգի Կապանից` Նժդեհի եւ Գերասիմի, Սիսիանից` Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ, թշնամուն առնում են աքցանի մեջ, գլխովին ջախջախում, վերցնում մի քանի հարյուր գերի: Գերասիմի քաջագործությունների համբավը Սյունիքից դուրս է գալիս ու դառնում համահայկական: Նա խիզախ էր, հանդուգն, հնարամիտ, դիրքն ու պահը ճիշտ գնահատող մարտիկ, որի առջեւ թշնամին միայն փախուստով էր գլուխն ազատում:
… Համահավաքում հերոսական բանակը առանց պարտվելու հանձնվում էր: Գերասիմը գոչում էր, թե չի հանձնվում, թե իր ջոկատով ելնելու է թշնամու դեմ, բայց սակավաթիվ մարտիկների, փամփուշտի պակասության պայմաններում ինչ պետք է անեին Նժդեհն ու Գերասիմը: Ելք չկար, կռիվն անիմաստ էր: Եվ Նժդեհը համբուրում է սրբազան հողը, հրաժեշտ տալիս իրեն պաշտող զորականներին ու հեռանում:
Գերասիմը թողնում է նվիրական Խուստուփը, որի հովանու տակ ծվարած էին իր գյուղը, տունը եւ ընտանիքը: Սակայն չի կարողանում երկար ժամանակ ապրել տարագրի կյանքով, մեկ ամիս հետո վերադառնում է Կապան, շուրջ երկուսուկես տարի սկսում ապրել սարերում ու անտառներում: Այդ ժամանակահատվածում կոմունիստները հետեւում էին Գերասիմին` ձերբակալելու համար: Ականատեսները պատմում էին, որ ոստիկանները, Գերասիմի մասին խոսելով, հետապնդելիս են լինում նրան, իսկ նա, ծառերի ճյուղերով քողարկված, խուսափում էր ու անընդհատ տեղափոխվում մի քարափից մյուսը, իսկ գիշերները ջրաղացպանի` Աթանեսի հետ պայմանավորվում բաղարջ թխելու մասին: Ահա այսպիսի տանջալի ու դաժան կյանք:
Ազդեցիկ մարդկանց միջոցով Գերասիմին համոզում եւ լեռներից գյուղ են իջեցնում: Նրա պայմանը զենքը չհանձնելն էր, եւ համաձայնվում են: Կանչում են ոստիկանություն` իբր փաստաթուղթ ստորագրելու: Գերասիմն սկսում է կարդալ փաստաթուղթը, իսկ ոստիկանները նրա ձեռքերը կապում եւ տեղափոխում են Գորիսի բանտ: Ձեռքերը կապած, շղթայված, ձիու վրա նստած հասցնում են Որոտանի կամուրջ, Ճանապարհին խնդրում է արձակել ձիու վրայի կապերը, որպեսզի հանգստանա: Խնդրանքը կատարում են, ու Գերասիմն իրեն նետում է հորդառատ գետը: Երկու անգամ կրակում են, չի դիպչում, բայց ուշագնաց է լինում, ապա որոշ ժամանակ անց ձեռքերը կապած հասնում գետափ: Պատահական անցորդը ազատում է նրան կապերից, եւ Գերասիմը վերադառնում է հայրենի գյուղ:
Երկար տառապանքներից հետո` 1924-ի նոյեմբերին Լեռնային Հայաստանի կողմից պատգամավոր է ընտրվում, Փարիզում մասնակցում ՀՅԴ 14-րդ Ընդհանուր ժողովին: Գյուղ վերադառնալուց հետո նրան հետապնդում էին, եւ Գերասիմը նորից է անտառ քաշվում: Սակայն երկար մտորումներից հետո 1929-ին որոշում է ընտանիքով անցնել Իրան: Երրորդ անգամ վերադառնում է գյուղ` եղբոր ընտանիքին տեղափոխելու համար, բայց դա, ցավոք, չի հաջողվում: Նույն թվականի օգոստոսին որդու` Հովիկի հետ գետն անցնելիս գետի մյուս ափին զոհվում է ռուս սահմանապահների կրակոցից` սահմանն անցնելու պահին: Աճյունն ամփոփել են սահմանամերձ Ուրգութ գյուղի հայկական գերեզմանոցում` Արաքսի այն ափին:
Հայաստանից գրած նամակում նա ասում էր, որ ինքը հավատարիմ է իր գաղափարներին, երբեք չի դավաճանել եւ չի դավաճանելու իր ժողովրդին: Եվ այդպես էլ վարվեց հերոսը: Այսօր էլ կապանցիները` թե երիտասարդները եւ թե մեծերը նրան հիշում են սիրով ու երախտագիտությամբ, մեծարում որպես իսկական հայրենասերի:
ՎԱՐԴԳԵՍ (ԱԼԲԵՐՏ) ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում` Գերասիմ Աթաջանյանը Փարիզում (1924 թվական):