ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության` 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու` 7, սառը զենքի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, կեղծ փաստաթղթի, ինքնիրավչության ու վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու անձին ազատությունից զրկելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առեւանգման, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու կանոնները խախտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, փաստաթղթեր կամ պետական պարգեւներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, ինքնասպանության հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու եւ ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու եւ խարդախության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 14 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

 

 

ԿԸՆՏՐՎԻ՞ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Կառավարությունը հերթական անգամ Հակակոռուպցիոն  կոմիտեի նախագահ ընտրելու  համար հայտարարեց հերթական մրցույթ:

Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:

Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, մինչեւ ս.թ. փետրվարի 6-ը՝ ժամը 18։00-ն ներառյալ: Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրոդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու  Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան։ Ինչեւէ սպասենք,թե հերթական անգամ ինչ է սպասվում ու ովքեր ցանկություն կհայտնեն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու, որի (արդեն նախկին) նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին  պաշտոնից։

 

 

 

ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՅԵԼՈՒ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱ

2024 թվականի դեկտեմբերի 24-ին մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել Երեւանում ու պահանջում էին, որ իրավապահները քայլեր ձեռներկեն ու հայտնաբերեն հանցագործներին, որոնք կողոպտել են իրենց «Mazda» մակնիշի մեքենաները: Արդյունքում, իրավապահները ակցիայից սթափվեցին ու այժմ կալանավորված կա:

Սերյոժա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024թ. հուլիսի 17-ին՝ ժամը 00:08-ի սահմաններում, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Երեւան քաղաքի Օհանովի փողոցի 4-րդ շենքի դիմաց կայանված ավտոմեքենայից հափշտակել է զույգ կողային հայելիները, բացի դրանից, 2024թ. նոյեմբերի 20-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքը հափշտակելու  դիտավորությամբ չորս տարբեր ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել է կողային եւ հետին տեսանելիության հայելիներ: Գործը դատարանում է:

 

 

 

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Արմավիրի բանտի դատապարտյալ Էդուարդ Զեյթունյանի կինը` Լալա Բեռնեցյանը, եւ արդարություն է պահանջում ՀՀ իրավապահներից:

Լալա Բեռնեցյանի ամուսինը` Էդուարդ Զեյթունյանը, իրավապահների տեսադաշտում էր հայտնվել 2016 թվականին Սարի թաղում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախումների ժամանակ:

Թաղամասի էլեկտրականությունը, գազն ու ջրամատակարարումը վերականգնելու պահանջով փողոց դուրս եկած տասը սարիթաղցիներ ճաղերի հետեւում էին հայտնվել՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով, սակայն հեղափոխությունից հետո համաներմամբ ազատ էին արձակվել:

Արդյունքում, այսօր Լալա Բեռնեցյանի ամուսնուն ցանկանում են խիստ պատժի տանել՝ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի ժամանակ մարտական դիրք 2 օր ուշ ներկայանալու համար. «Մենք այսքան քայլեցինք, պայքարեցինք, որ սրանք գան մեր կաշիները քերթե՞ն, ո՞ւր է ձեր արդարությունը, Արցախը հանձնածները, Շուշիի դարպասները թշնամու առաջ բացողները ազատության մեջ են, անտեր մարդկանց են դատում»:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 




Լրահոս