Նոր Սահմանադրության վերաբերյալ իշխանության օրակարգը Ալիևի պահանջի կատարումն է․ Դավիթ Խաժակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 19-ի ելույթում գաղափարախոսական ուղերձի և դրանում հնչած մտքերի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ վարչապետ Փաշինյանի առաջ քաշած գաղափարախոսական նոր հենքը նպատակ ունի պարտվողական քաղաքականությունը դնել ինստիտուցիոնալ ռելսերի վրա։ Սրանով վարչապետը արդարացնում է նախկինում իր բոլոր իրականացրած և դեռ ապագայում իրականացվելիք զիջումները Ադրբեջանին և Թուրքիային՝ հույս ունենալով, որ դա մարդկանց մոտ դրական ընկալում կբերի։

Խաժակյանի գնահատմամբ աննախադեպ երևույթ է, երբ «ձախողված ղեկավարը, ոչ թե փորձում է իր ձախողումների համար ըմբռնում գտնել քաղաքացիների շրջանում, այլ փորձում է իր ձախողումները ներկայացնել որպես մի փիլիսոփայական կատեգորիա, որը ավելի շատ ձեռքբերում է քան ձախողում»:

Խաժակյանի կարծիքով՝ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը մերժելի է, նաև մերժելի է նրա կողմից արվող սահմանադրության փոփոխության առաջարկը։ «Մենք բոլորս հասկանում ենք նպատակները, և այդ նախաձեռնությունը, եթե իրականացվի, մենք վստահաբար քարոզելու ենք «ոչ»-ը՝ համոզված լինելով, որ սա կեղծ օրակարգ է»,- նշել է նա:

Դավիթ Խաժակյանը զրույցի ընթացքում վստահություն հայտնեց, որ իշխանություններին հանրաքվեի ժամանակ չի հաջողվի ապահովել սահմանադրական փոփոխության համար առնվազն 25 տոկոս անհրաժեշտ համաձայնությունը։ «Վստահաբար չի հաջողվի, որովհետև իշխանությունն ինքն իրենով՝ որպես մեծամասնություն չունի բավարար վստահության քվե, և էդ նույն քանակի ձայն ապահովել սահմանադրական «այո»-ին, ոչ իրատեսական է։ Ես համոզված եմ՝ իրենք դա լավ գիտեն, պարզապես մի կողմից փորձում են ներսում կեղծ օրակարգ ստեղծել, մյուս կողմից Ադրբեջանին փորձում են ցույց տալ, որ դրանով պատրաստ են միակողմանի բավարարել իրենց պահանջները»,- ասել է ArmLur.am-ի զրուցակիցը և հավելել, որ նոր Սահմանադրության վերաբերյալ իշխանությունների առաջ քաշած օրակարգը Ալիևի հնչեցրած պահանջի կատարումն է, որով նոր Սահմանադրության մեջ չի լինի պետության հենասյուն հանդիսացող հռչակագիրը։

Արմեն Խեչումյան




Լրահոս