Armenian text to speach

ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ներքին գործերի նախարարության գործունեության շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք դատավորներ եւ փաստաբաններ հայտնեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, եւ իրենք պատրաստվում են բողոքը հասցնել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Իսկ ինչն է խնդիրը: Բանն այն է, որ կալանավորներին ուղեկցող ոստիկանության խմբերը չեն կարողանում  մի շարք քրեական վարույթներով կալանավորների բերել դատարաններ, ու դատական նիստերը հազվադեպ են կայանում։ Այսինքն՝ փաստաբանները գնում են դատարան, դատավորը պատրաստակամ է նիստ գումարել, սակայն կալանավորներին դատարան չեն բերում:

Այս իրավիճակը զայրացրել է փաստաբաններից շատերին, ու չի բացառվում, որ անգամ կալանավորների իրավունքները ոտնահարելու գանգատներով դիմում ուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ArmԼur.am-ը հայտնել էր, որ ըստ ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում վարույթ իրականացնող մարմինների կողմից ստացվել է 1601 հայտ ազատությունից զրկված 1757 անձանց ուղեկցելու վերաբերյալ, որից ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության հետեւանքով հնարավոր չի եղել իրականացնել 438 հայտի պահանջները՝ ազատությունից զրկված 477 անձանց վերաբերյալ:

Այսինքն` օրուգիշեր բարեփոխումներից խոսող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 477 կալանավորի իրավունք է ոտնահարել:

 

 

 

 

Հայաստանի իրավապահ համակարգը 2023 թվականից մինչ օրս կոռուպցիայի դեմ պայքարի շոուի շրջանակում թիրախավորել է բացառապես Երեւանի քաղաքապետարանը՝ ստեղծելով այն տպավորությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է միայն քաղաքային իշխանությունների հետապնդմամբ: Քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ ներսում խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում: Քաղաքապետարանի կոմունալի պետի ձերբակալությունը, որ տեղի ունեցավ երեկ, ըստ աղբյուրների՝ համարվել է վերջին կաթիլը: Քաղաքային իշխանությունների ներսում աճում է դժգոհություն, եւ շշուկներ են շրջանառվում, որ քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հակահարձակման անցնելու՝ քաղաքական խաղերի մասնակիցներին հասցնելով հուժկու հակահարված: Ավելին, տեղեկացվում է, որ քաղաքապետը նախորդ օրը հրահանգել է աշխատակազմին, որ իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի կողմից արված յուրաքանչյուր՝ անգամ ամենաչնչին խնդրանքը զեկուցեն բացառապես իրեն՝ կազմելով մանրակրկիտ ցուցակ: Սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է պաշտպանողականից անցնել ավելի ակտիվ գործողությունների: Հիշեցնենք, որ 2023 թվականից սկսած՝ քրեական գործեր են հարուցվել Երեւանի երկու փոխքաղաքապետերի, մի քանի վարչության պետերի, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ: Սակայն վարույթների մեծ մասը գտնվում է անորոշ՝ սառած վիճակում, մինչդեռ այդ գործերով անցնող անձանց շարունակում են ամեն գնով պահել կալանքի տակ: Այս զարգացումները Երեւանի քաղաքապետարանում գնահատվում են ոչ թե որպես իրավական գործընթացներ, այլ որպես քաղաքական ճնշման միջոց, որը կարող է փոխել քաղաքապետարանի հետագա գործողությունների տրամաբանությունը:

 

 

 

 

Երեկ ՀՀ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից, թե ինչ է անում ՀՀ Կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով` հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի առջեւի հատվածը չկա: Այսինքն՝ հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են: ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «Ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գրավոր փուլը ավարտվել է նախորդ տարվա ավարտին` դեկտեմբերին: Ունենք կիրառված միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություն պահվող անձանց վիճակի մասին, առողջականի, պահման պայմանների մասին: Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին: Դրանից հետո, բնականաբար, մենք հետեւում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը Դուք նշեցիք. դրանք ուշադրությամբ ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են»:

 

 

 

 

 

Հակակոռուպցիոն կոմիտեում կյանքը կանգ է առել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կա` Էդուարդ Հակոբյանը, սակայն կոմիտեում շունչները պահած սպասում են նոր նախագահի ընտրվելուն, որ կարողանան առավել հնչեղ քրեական գործերով որոշումներ կայացնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան այս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, փոխանցեցին, որ այդ հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ իրենց աշխատանքի որակի վրա, եւ օրենքով նախատեսված կարգով կատարվում են մինչդատական վարույթներով բոլոր անհրաժեշտ քննությունները: Հավելենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները արդեն կան ու սպասում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրվելիք թեկնածուների բարեվարքության մասին եզրակացությանը, որը երեկվա դրությամբ դեռ մրցութային հանձնաժողովին չէր տրամադրվել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ուղարկած «գիշերային ՍՄՍ»-ից հետո ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը «ինքնակամ» դիմում գրեց աշխատանքից ազատման ու հեռացավ. եւ շուրջ 4 ամիս է հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չունի։

 

 

 




Լրահոս