Նոյեմբերի 28-ին` ժամը 10-ին, Իջեւանի արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իր աշխատասենյակում ավագանու նիստ է հրավիրել: Նա թեեւ պարտվել է քաղաքապետի` նոյեմբերի 13-ի ընտրություններում, սակայն շարունակելու է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը` դեկտեմբերի 20-ը:
Նշենք, որ ավագանու նիստի եւ դրա օրակարգի մասին քաղաքապետարանի ինտերնետ կայքը ոչինչ չի հաղորդել, քաղաքի տեղեկատվական տախտակներին եւս ծանուցումներ չեն արվել: Ավելին, ավագանու անդամներ Վարդան Ղալումյանը (արդեն ընտրված քաղաքապետ), Վարդան Օրդինյանը, Վահե Ղալումյանը եւ Գրիգոր Դանիելյանը չեն տեղեկացվել: Մի խոսքով` խախտվել է ՏԻՄ օրենքը. նիստն անօրինական է, կայացված որոշումներն` անվավեր: Նիստի մասին տեղեկատվություն ստանալու համար հանդիպեցինք ավագանու անդամներ, նիստին մասնակցած Հասմիկ Ամիրյանի, Էմիլ Վարդապետյանի եւ Նարեկ Օհանյանի հետ: Վերջիններս ավագանու նիստերում ավանդաբար կողմ են քվեարկել Վարուժան Ներսիսյանի առաջարկներին: Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, ավագանու նիստի վերաբերյալ մեր հարցը լսելով, շտապեց ասել, որ ինքը դասի է: Էմիլ Վարդապետյանը եւ Նարեկ Օհանյանն էլ ասացին, որ իրենք ժամանակին տեղեկացված են եղել ավագանու նիստի մասին:
Փորձեցինք ձեռք բերել ավագանու` նոյեմբերի 28-ի նիստի օրակարգը: Սակայն դա դարձավ չարչարանք, կարծես թե խոսքը ոչ թե պարտադիր հրապարակման, ի տես բոլորի փակցվող փաստաթղթի մասին էր, այլ հույժ գաղտնի պահվող որոշման: Պարզվում է, որ 16 կետանոց օրակարգն ավագանու անդամները քննարկել եւ որոշումներ են կայացրել ընդամենը մեկ-մեկուկես ժամվա ընթացքում: Օրակարգում ուշագրավ կետեր կան: Օրինակ` չընտրված քաղաքապետն ավագանուն կադրային նշանակումների առաջարկներ է ներկայացրել, որոնցով Նարիման Թանանյանը նշանակվել է Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի, Էդգար Մեհրաբյանը` Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկի տնօրեն, իսկ քաղաքապետի օգնականի եւ խորհրդականի հաստիքները կրճատվել են: Վ.Ներսիսյանի առաջարկով Իջեւան համայնքի սեփականություն հանդիսացող «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը 40 տարի ժամկետով անհատույց հատկացվել է «Իջեւանի տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին: Ինչո՞ւ 40 տարով, ինչո՞ւ անհատույց եւ ինչո՞ւ հենց այդ ՍՊԸ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ այն կայացվել է ջրամբարը գետի բերուկներից ազատելու եւ ջրամբարի բնապահպանական իրավիճակը թեթեւացնելու համար: Իջեւանում իրազեկ աղբյուրներն ասում են, որ այդ ընկերությունը սերտ կապեր ունի Վ.Ներսիսյանի հետ, որը, նման առաջարկ ներկայացնելով, նոր քաղաքապետին զրկում է համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունից:
Նույն կերպ ավագանին հավանություն է տվել Վ.Ներսիսյանի առաջարկին եւ համայնքի սեփականությունը հանդիսացող Անկախության փողոցի 24 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզից 493,4 քմ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Իջեւանի վարժարանին, 182,05քմ` «Ավանդույթ» ՓԲԸ-ին եւ 31,4 քմ` «Կանաչ Տավուշ» ՀԿ-ին: Տեղին է հիշեցնել, որ վարժարանի տնօրենը ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանն է: Ավագանու որոշմամբ` կրկին անհատույց օգտագործման իրավունքով «Գայանե» համատիրությանն է տրամադրվել Երեւանյան 5 հասցեում գտնվող քաղաքապետարանի մասնաշենքից 29,5 քմ տարածք: Բացի այդ, ավագանին հավանություն է տվել ինքնակամ կառուցված եւ ինքնակամ օգտագործվող տարածքների իրավական կարգավիճակը որոշելու, պարզ ասած` օրինականացնելու Վ.Ներսիսյանի առաջարկին: Այդ որոշման մեջ նշված է 11 հողամաս: Սակայն իրականում խոսքն ավելի մեծ թվով տարածքների մասին է: Օրինակ` որոշման մի կետի ներքո Երեւանյան փողոցում գրված է 6×19.8 քմ հողամասի մասին: Կոնկրետ հասցեն նշված չէ, որպեսզի հետագայում ճանապարհի երկայնքով որտեղ ուզեն, 6 հատ մինչեւ 20քմ տարածք հատկացնեն: Այդպես ինքնակամից օրինականացվող եւ օտարվող տարածքների միայն երկուսի հասցեն է նշված, մնացածի` միայն փողոցի անունը:
Մինչեւ նոյեմբերի 13-ի ընտրությունները, նոյեմբերի 10-ին Վ.Ներսիսյանը ավագանու նիստ էր հրավիրել, որի որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի 4 տարածքներ անհատույց օտարվել են կոնկրետ քաղաքացիներին, ավագանին համաձայնություն է տվել քաղաքաշինական եւ այլ նպատակներով ընդհանուր առմամբ 28 հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների եւ ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելուն: 2011թ. հուլիսի 25-ի եւ սեպտեմբերի 20-ի նիստերով ավագանին համաձայնություն էր տվել ընդհանուր թվով 134 հողամասեր հատկացնելու եւ ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը որոշելու մասին Վարուժան Ներսիսյանի առաջարկությանը: Այդպիսով` վերջին կես տարում Վ.Ներսիսյանի առաջարկով եւ ավագանու «դակմամբ» Իջեւանում հսկայական տարածքներ են օտարվել, սակայն համայնքի բյուջեն դրանից գրեթե չի համալրվել:
Տավուշ