ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՀԱԴԱՇՏԸ ԿԲԱՑՎԻ
Դեկտեմբերի 1-ին կբացվի  Կարապի լճի սահադաշտը:  Մեկնարկը կտրվի ժամը 16-ին՝  մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։
Սահադաշտը կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 16։30-ը եւ 18։00-ից  23։00-ն: Սահադաշտի տոմսի արժեքը նույնն է` սեփական չմուշկներով այցելության դեպքում  500, չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ։

ԽԵՂԱԹՅՈՒՐԵ՞Լ ԵՆ
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նախօրեին մի շարք սկանդալային հայտարարություններ է արել Թուրքիայի Ադանա քաղաքում  ընթացող հայ թուրքական հարաբարերություններին նվիրված կոնֆերանսում: Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է. «Մեծ թվով տնտեսական եւ սոցիալական խնդիրների պատճառով հայաստանցիները չեն ցանկանում իրենց ուշադրությունը կենտրոնացնել այդ (Ցեղասպանության) հարցի վրա: Հայաստանում ապրող հայերի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները ոչ մի օգուտ չեն տալիս»: Խաչատրյանը նաեւ տարօրինակ հայտարարություն է արել` կապված Արցախի հետ. «Վերջ չկա, երբ սկսվում են քննարկել, թե Արցախում ով է մեծամասնություն եղել, ով փոքրամասնություն»: Խաչատրյանի այս վիճելի հայտարարությունները բուռն դժգոհության ալիք են բարձրացրել Facebook-ում, որտեղ օգտագերերի մեծ մասը դա որակել է իբրեւ ազգային դավաճանություն,  որոշ մասն էլ, այնուամենայնիվ,  չի բացառել թուրքական ԶԼՄ-ների կողմից Խաչատրյանի ասածների խեղաթյուրումը:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԿԱ
Երեկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշել է. «Միշտ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ կոնգրեսում ներգրավված կուսակցությունների, քաղաքական գործիչների տեսակետները համընկնում են: Լինում են լուրջ բանավեճեր, տարակարծություններ, բայց ի վերջո գալիս ենք կոնսենսուսի»:

ԲԱՆԻ ՏԵՂ ԴՐԵՔ
«Սթար» առեւտրային ցանցը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դեկտեմբերի 1-ին տեղի է ունենալու «Ֆրեշ, սուպերմարկետների ցանցի կլանումը «Սթար» առեւտրային ցանցի կողմից: Մինչդեռ դրա համար «Սթարը» պետք է դիմեր Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, ինչն, ըստ հանձնաժողովի մամուլի խոսնակի, չի արվել:

ՆԱԵՎ ԲՐԻՏԱՆԻԱՆ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենն այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: Կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ժողովրդավարության մակարդակի, արտաքին հարաբերությունների հիմնախնդիրները:




Լրահոս