ԿՐԱԿՈՑԸ ԼՍԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՏԵՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ կրակոցներ են հնչել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի` Ջանֆիդայում գտնվող տան մոտ: Նախնական տվյալներով` հնչել է մոտ 4 կրակոց: Բարեբախտաբար, վիրավորներ կամ զոհեր չկան:
Անձամբ պատգամավորն այս օրերին բացակայում է Հայաստանից. նա գտնվում է Չինաստանում: Ջանֆիդայի գյուղապետ Էդիկ Մանուկյանը news.am-ի հետ զրույցում հաստատել է կրակոցների մասին տեղեկությունները` ասելով, սակայն, որ կոնկրետ տեսնողներ չեն եղել, այլ եղել են լսողներ: Իսկ ոստիկանությունից հայտնեցին, թե Գասպարյանի տան մոտ կրակոցներ չեն եղել, իրենք նման հաղորդում չեն ստացել:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ոստիկանությունը ստուգել է կատարվածը, ոստիկաններ են գնացել այդ գյուղ, սակայն «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ Ռուստամ Գասպարյանի տան մոտակայքում կրակված փամփուշտի պարկուճներ չեն հայտնաբերվել, եւ գյուղացիներն էլ կոնկրետ մարդկանց չեն տեսել: Ընդամենը լսել են: Անգամ ասվեց, որ կրակոցներն օդում արձակվել են Գասպարյանի տնից 1 կմ հեռավորության վրա: Մի խոսքով, կրակոցները կան, բայց «ամանումը ոչինչ չկա»:
Ու թեեւ լուրջ որեւէ բան տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, քաղաքական ու նաեւ իրավական շրջանակներում խոսակցություններ էին տարածվել, որ հերթական անգամ իրար են բախվել ԱԺ հանրապետական եւ բարգավաճական պատգամավորները` Նահապետ Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանը: Պատճառն այն է, որ այս երկու ազգընտիրները վաղեմի «թշնամիներ» են, եւ երբ նրանցից որեւէ մեկին ինչ-որ բան է պատահում, մյուսին են կասկածում: Ու նման իրադարձությունները, որպես կանոն, ծավալվում են նախընտրական ժամանակահատվածում:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նովոյի հետ` պարզելու` արդյո՞ք ինքը որեւէ առնչություն ունի կրակողների հետ: «Ես տեղյակ չեմ, ես կապ չունեմ, իմ ի՞նչ գործն ա»,-կարճ պատասխանեց Գեւորգյանը: Իսկ Գասպարյանին գտնել չհաջողվեց:

Ա. Գ.




Լրահոս