«ԸՆԴՀԱՏԱԿՅԱ» ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Լոքյանը Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ռեաբիլիտացված Դաշնակցության ամենանշանավոր գործիչներից էր, ով կարիերայի անպասելի թռիչքներ ունեցավ, կարողացավ կարճ ժամանակամիջոցում իշխանական բուրգում հարմարավետորեն տեղավորվել` օգտվելով նաեւ այն բոլոր բարիքներից, որոնք «նախատեսված» են ընկեր դաշնակցականների ղեկավարների համար… Լոքյանի նվազագույն նյութական ձեռքբերումներն անգամ կարող են զարմացնել շատերին. շքեղ բնակարան Երեւանում, Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասում հսկայական արտադրություն, հարազատների տեղավորում ամենատարբեր պաշտոններում, կուսակցությունից եկող այնպիսի գումարներ, որոնցով նա կազմակերպում է իր հարուստ կենցաղը…
Դավիթ Լոքյանի կարիերան սկսեց թռիչք ապրել միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ մինչ այդ Բոգդանովկայում ծնված Լոքյանն ընդամենը շնորհալի եւ հույսեր ներշնչող գիտաշխատող էր, ով 1979 թվականին ավարտել էր Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ ամբողջ յոթ տարի եղել ՀՍՍՀ ԳԱ Կենսաբանության ինստիտուտի ասպիրանտ… Երեւի այս երկարատեւ ասպիրանտությունն անհրաժեշտ էր այն բանի համար, որ ապագա դաշնակցականը բանակում չծառայի, իր երիտասարդ տարիները չմսխի սովետական բանակում: 1979-1982 եւ 1986-1992 թվականներին աշխատել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, եղել կրտսեր գիտաշխատող, ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, ավագ դասախոս, ամբիոնի վարիչ… 1995-1999 թվականներին  «Ինտելեկտուալ» վերլուծական կենտրոնի ղեկավարն էր: 1990-ին էլ դարձել էր Կիրովականի քաղսովետի դեպուտատ` արդեն իսկ հռչակելով իր դաշնակցական հայացքների մասին: Երբ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի նախագահ, ընկեր դաշնակցականները «գրավեցին Խնձորեսկը» եւ տեղեր զբաղեցրին իշխանության մեջ: Դավիթ Լոքյանին բաժին հասավ Լոռու փոխմարզպետի պաշտոնը: Մոտ մեկ տարի ընկեր Դավիթը պաշտոնավարեց այստեղ եւ, բնականաբար, չկարողացավ ինչ-որ բանով աչքի ընկնել, որովհետեւ Հենրիկ Քոչինյանի նման հզոր մարզպետի կողքին անհնար էր ինչ-որ «հերոսական» բան անել: Երեւի սա էլ հաշվի առնելով` ընկերները նրան 1999-ին խորհրդարան տարան, հետո էլ ընտրեցին ՀՅԴ խմբակցության ղեկավար: Եթե հիշենք Դավիթ Լոքյանի խորհրդարանական ելույթները, ապա կնկատենք, որ նա ապահովում էր իշխանահաճությունը, ենթարկվում նախագահականից եկող հրահանգներին: 2001 թվականին Լոքյանն արդեն դարձավ կառավարության անդամ: Սա քոչարյանական բլեֆի ժամանակաշրջանն էր, երբ հարկավոր էր կառուցել «պոտյոմկինյան գյուղեր»` մարդկանց աչքերին թոզ փչելու, այն երեւութականությունը ստեղծելու համար, թե հատկապես աղետի գոտին վերածվում է վերազարթոնքի գոտու… Դավիթ Լոքյանն այս շրջանում պիոներական խանդավառությամբ հայտարարում էր նոր կառուցվող բնակելիների, դպրոցների, այլեւայլ հաստատությունների մասին: Իսկ իրականում հենց այդ ժամանակ վեր խոյացան մայրապետյանական-քոչարյանական էլիտարները, այս շրջանում գրոհ կազմակերպվեց մայրաքաղաք Երեւանի դեմ` քաղաքի կենտրոնը վերածելով էլիտարային խայտաբղետության: Հարստացան օլիգարխները, նոր օլիգարխներ ի հայտ եկան, իսկ քաղաքաշինության նախարարն «ինտելիգենտական» քարոզներ էր կարդում, խոսում քաղաքաշինության ձեռքբերումների մասին…
Տեսնելով, թե ինչ «հսկայական ծառայություն» է մատուցում Դավիթ Լոքյանն իշխող վերնախավին` նախագահ Քոչարյանը նրան 2003-ին էլ նշանակեց գյուղատնտեսության նախարար: Այս շրջանում սկիզբ առավ անորակ բուժանյութի ներկրումը Հայաստան եւ դրա՝ կրկնակի գներով վաճառքը գյուղացիությանը, ահռելի գումարներ ծախսվեցին գյուղացիական տնտեսություններին օգնություն ցուցաբերելու, տարբեր սերմացուներ ներկրելու համար: Գյուղնախարարն ու սերմացուներ ներկրողները հարստանում էին, իսկ գյուղացիությունը` աղքատանում: Հենց այս ժամանակաշրջանում Դավիթ Լոքյանը սկսեց Վանաձորում կառուցել փայտամշակման ձեռնարկությունը: Ընտրված էր մի տեղանք, որը շատերի աչքից հեռու է, աննկատ: Ինքը` Դ.Լոքյանը, այնտեղ գրեթե չի երեւում, կառավարումն իրականացնում են նրա հարազատները… Ասում են, որ այս ձեռնարկությունը բուրժուա դարձած մարքսիստ-դաշնակցականի միակ ունեցվածքը չէ: Դաշնակցությունը քարոզում է անհաշտ վերաբերմունք բուրժուազիայի հանդեպ, հիմնարար է համարում ընկերվարությունը, մինչդեռ ընկեր Դավիթն ապրում է «սոցիալիստական բուրժուազիայի» գաղափարախոսությամբ` այսպես մարքսիզմը դնելով ինքնահատուկ դիալեկտիկայի մեջ…
Դավիթ Լոքյանի` գյուղնախարար աշխատելու շրջանում գյուղատնտեսական վարկերը տրվում էին բարձր տոկոսադրույքով, հողի աշխատավորից պահանջում էին 100 հազար դրամից ավել աշխատավարձի, եկամտի տեղեկանք այն դեպքում, երբ գյուղացիությունը հազիվ էր կարողանում իր հանապազօրյա հացի խնդիրները հոգալ: Այս «նորարարության» հեղինակը Դավիթ Լոքյանն էր, նա էր որոշում վարկ տալ` փոխարենը տրվող գումարի դիմաց ակնկալելով մեծ գրավ: Իր նախարարության շրջանում Լոքյանը զբաղվում էր հողերի առքուվաճառքով, մի շարք հասարակական կազմակերպությունների համար գյուղատնտեսական դրամաշնորհներ դասավորելով` բնականաբար, դրանց դիմաց ստանալով որոշակի «աչքալուսանքներ»:
«1990-ական թթ. սկզբին Նորքում մեծ չափերի ծառահատումներ եղան, որից հետո ՀՀ նախկին իշխանություններն այդ տարածքների արագ վերականգնման մի շարք ծրագրեր մշակեցին: Այն ժամանակ այդ նպատակներով ոռոգման համակարգ կառուցվեց: Ավելի ուշ Լոքյանի որոշումով այդ հողերը դրվեցին վաճառքի. նպատակն այն էր, որ մարդիկ կգնեն հողերը եւ տներ կկառուցեն: Արդյունքում այդ հողատարածքների ամենախոշոր սեփականատերերի ցանկում հայտնվեց հենց գյուղնախարար Դավիթ Լոքյանը»,-գրել է մամուլը: 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դավիթ Լոքյանն ամենահարուստ նախարարներից մեկն էր, նա ուներ 250 քմ տարածքով տուն, նրա կնոջը` Գայանե Անանյանին էր պատկանում 160 քմ տարածքով տուն: Լոքյանի անունով ձեւակերպված էր 500 քմ մեկ տնամերձ, կնոջ անունով` գյուղատնտեսական նշանակության 1,5 հեկտար տարածությամբ երկու հողատարածք… Մինչդեռ Լոքյանի գույքի եւ եկամուտների վերջին` 2007թ. հայտարարագրում նշված է, որ նա ունի ընդամենը 210 քմ մակերեսով մեկ բնակարան` այն էլ Վանաձորում, իսկ նրա տարեկան եկամուտը կազմում է 4 միլիոն 2 հարյուր հազար դրամ, ըստ փաստաթղթի` Լոքյանը դրամական միջոցներ չունի:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս