Եթե Կիպրոսից ուղարկված տվյալները ճիշտ լինեն, Տիգրան Սարգսյանը կդատվի. Փայլակ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը Կիպրոսի դատախազությունից ստացել է սկանդալային «օֆշորի գործով» արած հարցման պատասխանը և մի շարք այլ փաստաթղթեր: Սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, դրանք չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը կասկածվում են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր լինելու մեջ:

Գործարար Փայլակ Հայրապետյանն, ում ունեզրկման պատճառը հենց այս ընկերությունն է, Armlur.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե Կիպրոսից ուղարկված փաստաթղթերը պարունակեն իրական տվյալները, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կդատապարտվի:

Գործարարի դիտարկմամբ` այստեղ ամեն ինչ իրական է, սակայն եթե այստեղից համապատասխան մարդիկ չգնան և այնտեղ հրահանգներ չտան, որ ուրիշ տվյալներ ուղարկվեն, քննությունը կընթանա ճիշտ ուղղությամբ:

«Եթե էստեղ էկած լինեն իրական տվյալները, ինձ շատ բան կտա. Տիգրան Սարգսյանը կդատվի: Եթե իրական թղթերը էկած լինեն, մեծ պատասխան տվողը կլինի նախկին վարչապետը: Ամենամեծ պատասխանատվությունը նա պիտի կրի, որովհետև նա էս ժողովրդի համար ես դրել եմ 10 հազար աշխատատեղ, իսկ էտ աշխատատեղերի գումարն ինքը կերել է: Նա պիտի նստի»,- վստահ ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի արտահանձնմանը` գործարարը նշեց, որ առանց Սուքիասյանի ոչինչ չի լինի, և նրան միանշանակ կբերեն:

«Սուքիասյանը պիտի գա ու բացատրություն տա: Մի հատ բացատրություն տվել էր,  թե ինքը սխալմամբ թղթեր է ստորագրել, որ վարչապետն իրան կռիշ լինի, բիզնեսը չփախցնեն: Իսկ թե կռիշ պիտի լինի Հանրապետության երկրորդ դեմքը, դա ավելի ծանր հանցագործություն է, քան ինքն այնտեղ հաշիվ ունենա: Եթե հանցագործին Հանրապետության վարչապետը կռիշ է լինում, դրանից մեծ հանցագործություն կարա էլ չլինի»,- համոզմունք հայտնեց Փայլակ Հայրապետյանը` միաժամանակ նշելով, որ Աշոտ Սուքիասյանի վերադարձը կօգնի քննության ընթացքին:

Հայրապետյանի մոտ հարցեր առաջացան, թե որտեղից է այն՝ ավելի քան 2 միլիոն դոլարը, որով Սուքիասյանը ոսկի է գնել, և պարզ չէ, թե հետո այն ում է տվել և ինչի համար է ծախսվել:

«Երկու հարյուր դոլարի համար մենք Հանրապետության հերոսին կալանավորում ենք: Հիմա 10 մլն 700 հազար վերցնող նախկին վարչապետին արժի որ կալանավորեն»,- նշեց Հայրապետյանը` նկատի ունենալով պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Տաթև Հարությունյան




Լրահոս