«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանաստեղծ, թարգմանիչ, հայ պոեզիայի ամենաքնարական հեղինակներից մեկի՝ Վահան Տերյանի տուն-թանգարանը վերջապես մի քանի օրից՝ հուլիսի 12-ին, պաշտոնապես կվերաբացվի:
Տերյանի տուն-թանգարանը հայ ժողովրդի մշակույթի ու պատմության կարեւոր վկաներից եւ հարստություններից է: Այն կարեւոր է ոչ միայն իբրեւ բանաստեղծի հայրական տուն, այլեւ որպես նախորդ երկու հարյուրամյակների տարածաշրջանային եւ համազգային նշանակության մշակութային կենտրոն:
Վահան Տերյանի հայրական տունը կառուցվել է 1882 թվականին: Մի քանի սենյակով, փայտե հատակով բարեկարգ մի տուն, ուր Գանձա այցելած բազում նշանավոր մարդիկ են հյուրընկալվել: Տուն-թանգարանի առաջին տնօրեն է նշանակվել Վահան Տերյանի քրոջ դուստրը` Արուսյակ Մալխասյանը, ում հետագայում փոխարինել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Սերգեյ Հասրաթյանը: Նրա ջանքերի շնորհիվ հարստացել է տուն-թանգարանի հավաքածուն, ստեղծվել են ակտիվ համագործակցության կապեր:
1970-ականների սկզբին տուն-թանգարանի բակում նոր շենքի հիմք է դրվել` ցուցանմուշներն առավել ապահով պահպանելու համար:
Տասնամյակներ անց՝ 2019 թվականին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) նախաձեռնեց ցուցասրահը վերականգնելու աշխատանքները, որն արդեն գտնվում էր անմխիթար վիճակում։
Համավարակի եւ պատերազմի պայմաններում անգամ ՋԱՀ-ը համառ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացավ իրականացնել ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում վերականգնվեց Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, եւ 2021 թվականի օգոստոսի 1-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ բացման արարողությունը։ Դրան հաջորդեցին տուն-թանգարանի հուշային մասի՝ հայրական տան վերականգնման նախապատրաստական աշխատանքները, իսկ այժմ ուրախությամբ տեղեկանում ենք, որ տուն-թանգարանի վերաբացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ շաբաթ օրը:
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում կմեկնարկեն բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ «Տերյանական օր» ավանդական տոնակատարությունը։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո նախատեսված է շրջայց վերականգնված տուն-թանգարանում, ինչպես նաեւ մշակութային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան Մավրը, Գուրգեն Դաբաղյանը, Վարդան Բադալյանը, Երեւանի պետական կամերային երգչախումբը եւ Կարին պարային համույթը։
Հիշեցնենք, որ այցելուները, առիթը բաց չթողնելով, կարող են այցելել նաեւ հարակից պատմական, մշակութային վայրեր՝ տեսնելու Փարվանա լիճը, Կուր եւ Փարվանա գետերի խառնարանը, վայելելու Թմուկ բերդի համայնապատկերը:
Օրը վստահաբար կլինի տերյանական եւ բազում հիշողություններով լի:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ























