«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության:
Իսկ ինչ են փորձել պարզել քննիչները: Բանն այն է, որ նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանում մարտի 22-ին սպանություն էր կատարվել, եւ տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը անհետացել էր։ Իրավապահները փորձել էին հասկանալ՝ որտեղ է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել էին, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը միտումնավոր ոչնչացվել է:
Այժմ Գասպարյանի ամուսնուն կանչել են ու վկայի կարգավիճակով հարցաքննել, որպեսզի պարզեն նրա առնչությունը կատարվածի վերաբերյալ:
Սպանությունից անցել է 4 ամիս, եւ ենթադրյալ սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին իրավապահները դեռ փնտրում են:
Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հրաժարականից հետո արդեն Դիանա Գասպարյանը եւ նրա սկեսուրը հայտնվեցին մեղադրյալի աթոռին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքին մասնակցած եւ հետագայում կալանավորված անձանց: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում լրանում է գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած եւ այնուհետեւ կալանավորված անձանց կալանքների ժամկետը, ու նախաքննական մարմինը կա՛մ պետք է նրանց կալանքի ժամկետը երկարաձգի, կա՛մ գործը ուղարկի դատարան: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հաջակցություն Ս.Կ.-ի կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերի անվան տակ 3 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, որից հետո նրանք կալանավորվեցին: Հայտնել էինք, որ մարդկանց կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել, եւ որը հայտնել է քննիչներին այդ մասին։ Պարզապես հնարովի գործերով մարդկանց կալանավորեցին, որպեսզի սարսափ տարածեն:
Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաեւ 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից: Նշենք, որ Պետրոսյանն արդեն ազատել է ՀԷՑ-ի 4 մարզային մասնաճյուղերի տնօրենների ու նշանակումներ է պատրաստվում անել: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեկ աշխատանքից ազատել է նաեւ Լիլիա Շուշանյանին, որը 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կադրային ջարդը շարունակվելու է:
Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որեւէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին: «Ժողովուրդ» օրաթերթը հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետեւ այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Գերիների հարազատները հայտնվել են փակուղում. եթե գեթ մեկ հույս կար գոնե Կարմիր խաչի միջոցով կապ հաստատելու գերիների հետ, հիմա այդ հույսն էլ մարեց: Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը որեւէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի խոստացած Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում: Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

















































































