ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սերժ Սարգսյանն անձամբ էր մեկնել Մարսել՝ մասնակցելու Եվրոպայի ժողովրդական կուսակցության նիստին, այնուամենայնիվ, ո՛չ նրա ղեկավարած ՀՀԿ-ի, ո՛չ էլ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ «Ժառանգության» վերաբերյալ ԵԺԿ-ին անդամակցելու որեւէ որոշում չի կայացվել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ այդ կուսակցությունների՝ ԵԺԿ-ին անդամակցելու վերջնական որոշում կայացվելու է հաջորդ տարվա փետրվարին: Բայց Սերժ Սարգսյանը հասցրել է Մարսելում «հաղթանակ» գրանցել. հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, ԵԺԿ-ն կմերժի ԲՀԿ-ի անդամակցությունը: ԵԺԿ նախագահ Վ. Մարթենսն իր ելույթում հայտարարել է. «Մենք կասկած չունենք, որ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ»: Թե ինչու նա չի տվել ԲՀԿ-ի անունը, մնում է միայն ենթադրել: Այս օրերին Մարսելում գտնվող ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում դժվարացավ նշել պատճառը` խոստանալով ճշտել ու պարզաբանումներ տալ ՀՀ-ում:




Լրահոս