«Բեր քո սեփական պրոյեկտորը». բացառիկ նախագիծը կանցկացվի Երեւանում։ BYOB-ը (Bring Your Own Beamer) յուրահատուկ ձեւաչափ է, որը նախատեսված է վիզուալ արվեստագետների եւ երաժիշտների համար։ Այն մեկօրյա, ազատ եւ փորձարարական նախագիծ է, որտեղ յուրաքանչյուր մասնակից իր հետ բերում է սեփական տեսացրիչ սարքը (պրոյեկտորը) կամ ինստալյացիան՝ ներկայացնելու իր աշխատանքը հանրությանը՝ տեսանյութ, անիմացիա, վիզուալ կամ VJ սեթ, մեփփինգ, AR կամ այլ նորարարական ձեւաչափերով։
BYOB միջոցառումները միավորում են արվեստագետներին մի ընդհանուր տարածության մեջ, վերածելով այն մեծածավալ համատեղ ինստալյացիայի։ Այս ձեւաչափը չունի ցուցադրության դասական կանոններ. չկան համադրողներ, ժյուրի կամ ընտրություն։ Սա պարզապես ստեղծագործական դաշտ է, որտեղ յուրաքանչյուր մասնակից ազատ է իր փորձերը ներկայացնելու եւ ուրիշների հետ գաղափարներ փոխանակելու համար։
Երեւանում BYOB-ի առաջիկա թողարկման նախաձեռնողն է արվեստագետ եւ երաժիշտ Միսակ Սամոկատյանը, որը 2011 թվականից աշխատում է ինտերակտիվ, կինետիկ եւ աուդիովիզուալ ինստալյացիաների ոլորտում։ Նրա գործերը ներկայացվել են մի շարք միջազգային փառատոներում ու ցուցահանդեսներում, այդ թվում՝ True/False Festival (ԱՄՆ), Burning Man Russia, Moscow Biennale of Contemporary Art, Winzavod Centre for Contemporary Art (Ռուսաստան), «Ուրվական» փառատոն, «Հայ արտ» մշակութային կենտրոն եւ ՆՓԱԿ (Հայաստան)։
BYOB նախաձեռնությունը մեկնարկել է 2010 թվականին՝ արվեստագետ Ռաֆայել Ռոզենդալի գաղափարով եւ իրականացվել է Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Լոնդոնում եւ Ամստերդամում։ Այժմ այս համաշխարհային շարժումը հասել է Երեւան։
Ի դեպ, վերնագրային BYOB հապավումը հետաքրքիր հղում ունի System of a Down (SOAD) հայ-ամերիկյան ռոք խմբի՝ BYOB Bring Your Own Bombs տարբերակին, որը մինչեւ այժմ SOAD-ի եւ առհասարակ 2000-ականների լավագույն ռոք կատարումներից մեկն է։
BYOB-ը (Bring Your Own Beamer) միջոցառման մասնակցության հայտերի ընդունումը շարունակվում է մինչեւ նոյեմբերի 2-ը։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































