ՀՀ Կառավարության վերջին նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունը հնչեց կտրուկ ու աներկբա. Սեւանա լճի տարածքում ապօրինի կառուցված մի շարք շինություններ պետք է հողին հավասարեցվեն՝ անկախ սեփականատիրոջ անունից ու քաղաքական անցյալից։
Խոսքը վերաբերում էր շինություններին, որոնք, ըստ հրապարակված տեղեկությունների, պատկանում են ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Այս հայտարարությունից օրեր անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Սեւանա լճի տարածքում արձանագրեց կոնկրետ գործողություններ։ «Սեւան» ազգային պարկի աշխատակիցները՝ պարկի տնօրեն Կարեն Մնացականյանի գլխավորությամբ, Գլխավոր դատախազի հրահանգով, Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանի հսկողությամբ սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։
Սկիզբը դրվել է Սասուն Միքայելյանին պատկանող առափնյա մի քանի տնակներից։
Ի՞նչ է իրականում քանդվում
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է մի պատկեր, որը դժվար է անվանել «ապօրինի կառուցապատում»: Ֆիքսել ենք՝
– հիմնականում երկաթյա, ժանգոտ, տարիներով չօգտագործվող տնակներ,
– արտաքինով մետաղաջարդոն հիշեցնող կառույցներ,
– կան ընդամենը 4 երկաթե տնակներ, որոնց վրա քարեր են ամրացված։
Ցուցադրական մաքրում՝ քաղաքական ուղերձով
Մեծ հաշվով ստեղծված պատկերը ավելի շատ շոու է հիշեցնում, քան համակարգային պայքար ապօրինի կառուցապատումների դեմ։ Քանդվում են ոչ թե Սեւանի էկոհամակարգին ամենամեծ վնաս հասցնող, այլ արդեն իսկ անպիտան, տարիներով լքված կառույցներ։
Հասկանալի է, որ սա արվում է ասելու համար, թե անգամ ՔՊ-ի հիմնադիրներին չեն խնայում: Ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակի»՝ Սեւանա լճում կան 3800 շենք-շինություններ՝ բազմահարկ, կապիտալ, բետոնե, որոնք ոչ միայն չեն ապամոնտաժվում, այլեւ տարիներ շարունակ անխոչընդոտ շահագործվում են։
ArmLur.am-ը փորձեց քանդման աշխատանքներին ներկա Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանից պարզել, թե ինչ է կատարվում. նա փախչեց եւ խուսափեց հարցերին պատասխանելուց:
Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալ Էկոպարեկային ծառայության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանից, ով ոստիկանական ուժեր էր բերել եւ տեխնիկան էր ապահովել: Սակայն նա էլ կցկտուր ու վախվորած երկու բառ ասաց եւ հեռացավ։
Սեւանա լճի ափին արված գործողությունները կարելի է բնութագրել որպես սիմվոլիկ արդարադատություն. քիչ ռիսկ, բարձր աղմուկ, տեսախցիկներ, բայց արդյունքը՝ ոչինչ։ Մինչդեռ Սեւանի իրական փրկությունը պահանջում է ոչ թե հնամաշ տնակների ցուցադրական քանդում, այլ թվերով, անուններով եւ հասցեներով հստակ ռազմավարություն։ Սա ավելի շատ հիշեցնում է քաղաքական PR նախընտրական Հայաստանում՝ թե Փաշինյանը անգամ իր թիմակցին չի խնայում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ԻՐԱՑՐԵԼ
Նոյեմբերի 27-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի մի տղամարդ իր մոտ եւ մեքենայում ապօրինի պահում եւ, այդ օրն էլ Հրազդան քաղաքում տեղադրելու միջոցով, իրացնում է թմրանյութ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները գյումրեցու վարած «Մերսեդեսը» հայտնաբերեցին Շահումյան փողոցում: 35-ամյա գյումրեցին հոր եւ կնոջ հետ էր, քաղաքի տարբեր հատվածներում արդեն տեղադրել էին թմրանյութով փաթեթներ եւ հեռախոսով լուսանկարել դրանք։
Ժամը 15:30-ին Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցում գյումրեցիները ձերբակալվեցին եւ մեքենայով հանդերձ տեղափոխվեցին բաժին: Որդու խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոցի հինգ փաթեթ։
Ըստ նրա` հայտնաբերված փաթեթներում թմրանյութ էր, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով: Նա հայտնեց նաեւ, որ ավտոմեքենայի հետեւի նստատեղին եւս կան թմրամիջոցով փաթեթներ։
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի հարեւանությամբ գտնվող կիսաքանդ պատնեշի մոտ՝ երեք առանձին հատվածներում, հայտնաբերվեց նրանց տեղադրած երեք փաթեթ։
Դատարանի որոշմամբ հաջորդ օրը խուզարկվեց նաեւ «Մերսեդեսը». սրահում հայտնաբերվեց թմրանյութով եւս 20 փաթեթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից եւ նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
1) 3 անշարժ գույք
2) 1 գույքի գնման իրավունք
3) 1 տրանսպորտային միջոց
4) 1 իրավաբանական անձում մասնակցություն
5) 30 միլիոն 581 հազար դրամ ներդրված ավանդի գումար
6) 1 փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 1 միլիոն 759 հազար դրամ
945 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ:
22 միլիոն 661 հազար դրամ, որը 2017-2025 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
























