Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը փակելու կամ Արցախի իշխանություններից վերջնականապես խլելու մտահոգությունները դեռ չեն մարվում։ Նշենք, որ մինչ այս մենք հայտնել էինք, որ Արցախի պաշտոնյաների համար սպասելի է շենքի շուրջ տհաճ անակնալներ ունենալ։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նման իրավիճակի պետք է սպասել մինչեւ մայիս կամ դրանից հետո։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն էլ հայտնել է, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հարցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ Կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։
«Ամփոփ ասած՝ քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու»,- ընդգծել է փաստաբանը եւ ապա հավելել, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվելու է 2026 թվականի մայիսի 22-ին։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող գույքի նկատմամբ Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ինչպես հայտնի է՝ գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։
Նշենք նաեւ այն, որ տվյալ գույքը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում եղել է Արցախի Հանարապետության մշտական ներկայացուցչության շենքը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































