Armenian text to speach

«․․․Քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»․ այսօր Մեծ Պահքի երրորդ՝ Անառակ որդու կիրակին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակ որդու։ Այս և սրան հաջորդող կիրակիներն իրենց անուններն ստացել են ավետարանական ընթերցվածքի գլխավոր առակներից։
Մեծ Պահքի երրորդ՝ Անառակ որդու կիրակին մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած Անառակ որդու առակը (Ղուկաս ԺԵ 11/32)։
Այս կիրակիի խորհուրդը մարդու՝ անկումից վերելք, կորստից փրկությունն ընկած վիճակից վերականգնումն է, ինչը նաեւ Մեծ Պահքի նպատակն է։

Այս պատմությունը երկու եղբայրների մասին է, որոնք ներկայացնում են մարդկության երկու հիմնական բարոյական տեսակները․ առաջինը մաքրակրոն է, սակայն աններողմ անսեր։ Օրինապահ է, սակայն՝ փարիսեցի։ Ցանկանում է պահել արդեն հաստատված կարգերը, որովհետեւ դրանք շահավետ են։ Երկրորդը մեղքերի մեջ թաղված է, սակայն ընդունակ է զղջալու, ապաշխարելու ու նորը, ավելի կատարյալը կառուցելու։

Առակը ներկայացնում ենք ստորեւ․

«Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»։ Եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո, կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ եւ ասաց. «քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛վ իբրեւ քո աշխատավորներից մեկը»։ Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց. վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եւ որդին ասաց նրան. «հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրը իր ծառաներին ասաց. «անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին՝ կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց». եւ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է։ Եվ սա նրան ասաց. «քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հորը. «այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց. «որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»։

Նանիկ Աղասյան 




Լրահոս