Armenian text to speach

Չեխիայի կառավարությունը խստացնում է ուկրաինացի փախստականների համար կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխությանը, որով խստացվում են ուկրաինացի փախստականների գտնվելու և ֆինանսական աջակցության կանոնները։ Իշխանությունները հայտարարել են, որ դա արձագանք է օգնության չարաշահման դեպքերին և հասարակության մեջ առաջացած այն կարծիքին, թե փախստականներն առավելություններ ունեն տեղացիների նկատմամբ, հաղարդում է Reuters-ը։

Մարտ ամսվա դրությամբ շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող երկիրն ընդունել է 385 հազար ուկրաինացի փախստականի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարար Լյուբոմիր Մետնարը։ ԵՄ-ում ավելի վաղ նշել էին, որ Չեխիան Եվրոպական միությունում մեկ շնչի հաշվով ամենաշատ ուկրաինացի փախստականներն է ընդունել։

Մետնարը պարզաբանել է, որ կառավարությունը ձգտում է խստացնել մարդասիրական օգնության տրամադրման և կացության թույլտվությունների կանոնները՝ ծրագրից բացառելու նրանց, ովքեր մշտապես չեն բնակվում երկրում։ Նրա համոզմամբ՝ դա հնարավորություն կտա կանխել ինչպես բուն օգնության, այնպես էլ փախստականի կարգավիճակի չարաշահումները։

Բացի դրանից, իշխանությունները կչեղարկեն ուկրաինական պետհամարանիշերով ավտոմեքենաները պարտադիր տեխզննումից ազատող նորմը՝ հայտարարելով, որ այս բացառությունն այլևս հիմք չունի։

Այդ օրինագծերը դեռ պետք է հաստատվեն խորհրդարանում։

Մետնարը հայտնել է նաև, որ 2027 թվականի մարտից հետո փախստականների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի երկարաձգման շուրջ Եվրամիության ներսում քննարկումների շրջանակում կարող են դիտարկվել պաշտպանվող անձանց շրջանակը նեղացնելու առաջարկներ։ Մասնավորապես, առաջարկվում է այդ ցանկից հանել զորակոչային տարիքի տղամարդկանց՝ հաշվի առնելով Ուկրաինայում ինչպես ռազմական կադրերի, այնպես էլ ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար մարդկանց խիստ պակասը։




Լրահոս