Ընտրություններից հետո ընդդիմադիր ճամբարում պահպանվող լռությունը պատահական չէ։ Եթե իշխանական թիմը գրեթե անմիջապես անցել է հետընտրական քաղաքական օրակարգի ձևավորմանը, ապա ընդդիմադիր ուժերը, ըստ ամենայնի, դեռևս զբաղված են արդյունքների, հետագա քայլերի և քաղաքական ռազմավարության վերանայմամբ։
Այս օրերին ընդդիմադիր շրջանակներում հիմնականում վերլուծում են տեղի ունեցածը, հաշվարկում հնարավոր զարգացումները և քննարկում հետագա անելիքները։ Լռությունը, փաստորեն, պայմանավորված է ոչ թե պասիվությամբ, այլ ներքին ակտիվ քննարկումներով։
Մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն հրապարակային հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է կալանավորվեն։ Վարչապետը նույն միտքը կրկնել է նաև այսօր առավոտյան՝ վերահաստատելով իր քաղաքական գնահատականը։
Այս ֆոնին ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր ուժերի ներսում քննարկվում է նաև առավել կտրուկ քաղաքական քայլի տարբերակը՝ խորհրդարանական մանդատները չվերցնելը։ Քննարկումների մասնակիցների մի մասի տրամաբանությունը հետևյալն է․ եթե իշխանությունը ստացել է խորհրդարանական մեծամասնություն, ապա պետք է կրի նաև երկրի կառավարման ամբողջական քաղաքական պատասխանատվությունը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներսում այս հարցի շուրջ միանշանակ մոտեցում չկա։ Կան ցուցակով անցած թեկնածուներ, որոնք կողմ են խորհրդարան գնալուն և պատգամավորական աշխատանք ծավալելուն՝ համարելով, որ ընդդիմադիր գործունեությունը պետք է շարունակվի նաև օրենսդիր մարմնում՝ պայքարելով ներսից։
Սակայն կուսակցության ղեկավար մակարդակում առավել կոշտ տրամադրություններ են գերակշռում։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանի շրջապատում ավելի հակված են մանդատներից հրաժարվելու տարբերակին՝ այն դիտարկելով որպես քաղաքական գնահատական և հետընտրական իրավիճակին տրվող պատասխան։
Նմանատիպ տրամադրություններ, ըստ մեր տեղեկությունների, առկա են նաև «Հայաստան» դաշինքում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը ևս գնահատվում է կտրուկ և հետևողական․ մանդատներից պետք է հրաժարվել։
Այսպիսով, քաղաքական դաշտում ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ, որոնց արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ նոր ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքի և ընդհանրապես հետընտրական քաղաքական գործընթացների վրա։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը լեգիտիմության խնդիր չի ունենալու, քանի որ սահմանադրական կարգավորումների համաձայն՝ ՔՊ-ն ձևավորում է Ազգային ժողովը և խորհրդարանում խնդիր չի ունենա։ Պարզապես ապագա խորհրդարանը կլինի միակուսակցական։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































