2025 թվականի օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ապագային, հայտարարել էր.
«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։
Սակայն հարց է առաջանում՝ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն ինչպե՞ս են կարողացել հաստատվել Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ Տավուշում։
Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականի աշնանը Արցախից բռնի տեղահանված 780 ընտանիք՝ ընդհանուր 2970 անձ, բնակություն է հաստատել Տավուշի մարզում։
2024 թվականի հունիսի 24-ին կայացած Տավուշի մարզային խորհրդի նիստում քննարկվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագիրը։ Հարցի վերաբերյալ զեկուցել է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։
Տավուշի մարզպետարանից ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ 2025 թվականի մարտի դրությամբ Արցախից բռնի տեղահանված որևէ ընտանիք Տավուշի մարզում չէր օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրից։
Աշխատանքի և սեփական բնակարանի բացակայության պատճառով արցախցի ընտանիքների զգալի մասը ժամանակի ընթացքում հեռացել է Տավուշից՝ տեղափոխվելով Հայաստանի այլ բնակավայրեր կամ արտերկիր։
2025 թվականի հունիսի 4-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվության հարցում եմ ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե այդ օրվա դրությամբ որքան է մարզում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների և անձանց թիվը, ինչպես նաև՝ նրանցից քանիսն են պետական բնակարանային ծրագրի շրջանակում Տավուշում բնակարան ձեռք բերել և որ համայնքներում։
Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է.
«2025 թվականի հունիսի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 525 ընտանիք և 1848 անձ»։
Միաժամանակ մարզպետարանը չի պատասխանել հարցման այն հատվածին, որը վերաբերում էր պետական բնակարանային ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերած ընտանիքների թվին և նրանց բնակության համայնքներին։
Այսպիսով, 2023 թվականի սեպտեմբերից հետո անցած երկու տարի ու ութ ամիսների ընթացքում Տավուշի մարզում բնակություն հաստատած 780 ընտանիքներից ներկայումս մարզում մնացել է 525-ը։ Այսինքն՝ 255 ընտանիք հեռացել է Տավուշից։
Նույն պատկերն է նաև բնակիչների թվի դեպքում։ 2023 թվականին Տավուշում հաստատված 2970 արցախցիներից այսօր մարզում բնակվում է 1848-ը։ Հետևաբար, 1122 մարդ արդեն հեռացել է Տավուշի մարզից։
Ոսկան Սարգսյան




























